Մարտի ութը հայկական տոն չէ, բայց և այնպես՝ սա նվեր կանանց

 

հատված Ա. Պեպանյանի ,,Այրվելու գնացողը,, վիպակից

ՙՄենք մեր կյանքի կնոջը փնտրում ենք ապագայում, մինչդեռ նա, որպես կանոն, հայտնվում է անցյալից, մեր իսկ մեղքով ուշացած, ու անդիմանալի ցավ ենք ապրում նրա կողքով ժամանակին հիմարաբար անտարբեր անցած լինելու համար:
Փիլիսոփայական այս եզրակացությանը ես հանգեցի իմ կյանքում քո երկրորդ հայտնությունից հետո:
Երբ եկար, սիրտս դատարկ էր մեծ սիրուց: Դա ինձ չէր անհանգստացնում, քանի որ կյանքի այլ, ավելի մեծ նպատակ էր ինձ զբաղեցնում: Բայց և ճանաչելով ինքս ինձ, գիտեի, որ գոյություն ունի կամ կարող է գոյություն ունենալ կնոջ մի կերպար, որը բավական է հայտնվի ինձ, ու ես խելքահան կլինեմ անմոռացորեն: Եվ զգուշանում էի այդ մեծ սիրուց, քանի որ այն կարող էր շեղել ինձ նպատակներիս իրականացումից:
Բայց որ այդ կինը դու° կլինեիրª պատկերացնել անգամ չէի կարող... 
Լույսն ինձ համար բացվում է քեզնով, և հայացքիս դեմ տարածվում է քո աննյութ պատկերը, որ չի լքում ինձ մինչ աղապատանք: Իմ օրը, ժամերը, ակնթարթներն ամբողջությամբ լցված են քեզնով, ես քեզ անվերջ հիշում եմ... 
Ես քեզ հատկապես հիշում եմ, երբ անձրևում է, և օդում լուծված խոնավության հետ դու թափանցում ես իմ մարմին: Չէ, ես քեզ ամենևին չեմ տենչում, քեզ չեմ ուզում. գռեհիկ է հնչումª ուզե°լ: Ես քեզ ուղղակի անձրևի հետ վայելում եմ մարմնիս և հոգուս բոլոր մասնիկներով, իսկ դա վեր է մարմնական ամեն հաճույքից, որ ստեղծել է Աստված ամենայն կենդանյաց համար:
Ես քեզ հատկապես հիշում եմ, երբ անձրևում է, և այդպիսի մի օր, երբ հոգիս կրկին պարուրված էր քո աննյութ էությամբ, ինձ թվաց, թե հայտնագործեցի սիրո բանաձևը. սերը ոչ այնքան հոգու զգացողություն է, որքան բույրի ընկալում. բույր, որ խորհրդանշում է քեզ: Եթերն ամենուր օծված է այդ բույրով, և դա ես զգում եմ ռունգերով: Այդ բույրը լուծված է նաև իմ արյան մեջ, հորդում է իմ երակներով, ու իմ մարմնից էլ եմ առնում քո բույրը, և փախչել անկարող եմ քեզանից, թեև չեմ էլ ուզում... 
Բոլոր կանանց դեմքերին ես քո դիմագծերն եմ որոնում... 
Կարող է քեզ տարօրինակ թվալ, բայց գրությունն այս ամենևին գայթակղեցնելու անթաքույց կամ քողարկված հույսեր չի փայփայում: Չի փայփայում, քանի որ ես վաղուց թողել եմ այն տարիքը, երբ վայելումի տենչն է իմաստավորում կյանքը. հիմա ապրելու իմաստի փիլիսոփայությունն է ինձ զբաղեցնում, և սիրված լինելն ամենևին որոշիչը չէ ինձ համար:
Իսկ հիմաª քեզանից ոչինչ չակնկալելու գլխավոր հանգամանքի մասին:
Ես, իրավ, ոչինչ չեմ ակնկալում, քանի որ ստացել եմ քեզանից ավելին, քան կարող ես տալ իրականում: Ինչպե±ս: Թանձրամիտ ու տարտամ այս աշխարհից զատ, ուր նեղվածք է սոսկալի ու կեղտոտվածª մանր կրքերից, ես ունեմ նաև Անմարմինության իմ աշխարհը, ուր լինում են ինձ հետ միայն նրանք, ում ե°ս եմ թույլ տալիս:
Եվ երբ ցանկանում է սիրտսª փոխադրում եմ քեզ այս իրականությունից Անմարմինության իմ այդ աշխարհը: Դու գալիս, կանգնում ես աննյութ ու մութ պատի տակ, նվաղուն և անդիմադիր, ես պարզում եմ քո ձեռքերը կողքուվեր, հանգուցում մատերս քո մատերի մեջ, հպվում քեզ և համբուրում քո շուրթերը, աչքերը, ճակատը, բերանի անկյունները: Դու չես շարժվում, քո ոչ մի մկան չի դողում, ասես կարիատուհի լինես, բայց և լսում եմ քո էությունը լցնող սիրո կարկաչյունը: 
Ես համբուրում եմ քո պարանոցը, ընդգծված անրոսկրերը, որոնք խելքահան են արել ինձ: 
Ու սահում են ափերս մարմնիդ ուրվագծով, մատներս շոշափում են ստեղնաշար կողերը քոª ասես նվագում եմ ես դրանց վրա, և եթերը լցվում է երկնային թովիչ մեղեդիով, որ լսում ենք միայն երկուսով:
Ու կորցնում եմ ես մարմնիս սահմանների զգացողությունը, դու ևս, ու անշշուկ միախառնվում ենքª որպես մեգի զույգ քուլաներ... Դառնում ենք մենք երկուսով ամբողջացված մի էություն ու դադարում այլևս լինել Աստծո կողմից կիսատված մարդ. ես չեմ հասկանում այլևս, թե որտեղ եմ ավարտվում ինքս և որտեղ ես սկսվում դու, քանի որ մենք երկուսով մեկն ենք, դուª ես եմ, եսª դու, և այդժամ մենք Աստվածն ենք:
Ու չունենք մենք միմյանց զգալու սովորական մարդկանց հատուկ բարդությունը, քանի որ քո սիրտն իմ սիրտն է, և դու հասկանում ես ինձ առանց թարգմանի, եսª նմանապես... 
Եվ լողում ենք մենք դելֆինների հանդարտությամբ եթերի մեջ անուշաբույր, հետզհետե տարրալուծվելով և անէանալով Աստծո անսահմանության մեջ: Սա է երանության գագաթնակետըª անհասանելի երկրային կյանքում և անպատմելի մարդկային լեզվով... 
Անմարմինության իմ աշխարհից վերադառնալով իրական կյանքª առաջին զգացողությունը, որ ունենում եմ, երախտապարտությունն է քո հանդեպª քո գոյությամբ ինձ երանություն պարգևելու համար, և տենչում եմ դառնալ պահապան ոգի ու մեգի նման պարուրել քեզª պաշտպանելու համար ամենուր դժվարություններից, դժբախտությունից, անառողջ հույզերից, որպեսզի չխախտվի երբեք քեզ անչափ սազող կենսախինդությունդ և մտահոգության կնճիռ չակոսի քո լուսե երեսը, որն անհագորեն կրկին համբուրել ցանկացա այս պահին:
Ես երախտապարտ եմ, որ դու կաս այս աշխարհում և որ շնորհիվ քո գոյության ես առնչվում եմ աստվածային վեհ մի զգացողության, որ կոչվում է Սեր:
Հ.Գ. Պահիր այս գրությունը հեռու մի անկյունում: Ու թե պատահիª օրերից մի օր կարդալուց հետո կոկորդդ սեղմվի հանկարծահաս հուզումից ու աչքերիդ մեջ արցունք շողա` իմացիր այդժամ, որ դու արդեն հասունացել եսª որպես ԿԻՆ: Այդ ժամանակ կհարցնես ինքդ քեզ. իսկ գուցե դա Մեծ Սե±ր էր, որ եկավ-անցավ իմ կողքով: Կհարցնես, սակայն ուշ կլինի: Կտխրես, բայց և հասու կլինես արդեն` ըմբռնելու, որ կարևորն ուշ կամ շուտ լինելը չէ ամենևին կնոջ համարª դա մանրուք է կյանքի ահռելիության հանդեպ. կարևորը Մեծ Սեր հարուցելու արժանիքներ ունենալն է, որով աներկբայորեն օժտված ես դու, ինչի համար էլ փառաբանում եմ ես Աստծուն: