Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի արած այն հայտարարությանը, թե արցախցիները ադրբեջանցիներ են։
«Այս տեսանյութն ուղղակի ալեկոծել է արցախահայությանը։
Արցախը գոնե մի քիչ ճանաչող մարդկանց համար, վստահ եմ, պետք է լիովին պարզ լինի, թե ինչ ցասում ու վիրավորանք են զգում այն մարդիկ, ովքեր ամեն ինչ վտանգելով՝ կենաց-մահու կռիվ են տվել մեր ինքնության ու արժանապատվության համար ու հիմա էլ ամեն օր ապրում են ադրբեջանական հոխորտանքների ներքո։
Եվ ահա - նման թշնամանք ու մաղձ։
Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան։ Բա կարելի է՞ հանրային խոսքը նման կերպ թունավորել։ Ե՞րբ եք վերջին անգամ եղել Արցախում, պարոնա՛յք Հախվերդյան և Ղուշչյան։
Ես խնդրում, առաջարկում և պահանջում եմ, որ մեր քաղաքական ղեկավարները, հատկապես ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորները առանց հապաղելու հրապարակավ ամենախիստ ձևով դատապարտեն այս անպատասխանատու, խայտառակ, ոտքից գլուխ շինծու, ներքին թշնամանք բորբոքող «խոսքը»։
Հախվերդյանն ինքը պետք է հասկանա, որ իր արտահայտած գաղափարները տոտալ ու կտրուկ անընդունելի են հենց Երևանում։
Մտածում եմ նաև իրավական ընթացակարգերի մասին։ Բայց նախընտրելին, իհարկե, բանը դրանց չհասցնելն է»։