«Թեև պատմությունն ամենաքաղաքական դիսցիպլինն է, բայց պատմության հետ խաղալը, փաստերն ուզածդ լույսի ներքո ներկայացնելը երբեք և ոչ մի տեղ լավ բանի չեն բերել: Հայոց պատմության հատկապես նոր և նորագույն շրջանի հետ ամենաշատը խաղացին կոմունիստները: Գաղափարախոսական պետության մեջ չէր կարող պատմությունը` որպես ագիտպրոպի առանցքային երևույթ, չգաղափարախոսականացվել, հատկապես երբ կային երկաթյա վարագույրն ու տեղեկատվական տոտալ վերահսկողությունը: Երրորդ հանրապետության շրջանում հայոց պատմության բազմաթիվ դրվագներ արդարացիորեն ներկայացվեցին այլ լույսի ներքո, բայց դեռ բավականին մեծ աշխատանք կա անելու թե՛ գիտական անաչառության և թե՛ պատմական փաստերն ունիվերսալ ճշմարտության հուն մտցնելու և պահի քաղաքական կոնյուկտուրայից հեռու պահելու առումով:
Սովետական պատմագիտությունը Պապ թագավորի կերպարի և այդ շրջանի իրադարձությունների մասին սեփական մեկնաբանությունն ուներ: Պապի մասով աթեիստական-հակաեկեղեցական պետության տեսակետը չէր կարող հակաեկեղեցական և «հակաարևմտյան» չլինել․ չէ՞ որ այդ շրջանի «Արևմուտքը» Բյուզանդիան էր: Ի դեպ, հայկական ընկալումներում Կոստանդնուպոլսի անկումից հետո «Արևմուտքը» դարձավ Ֆրանկների երկիրը, հետո` Բրիտանական իմպերիան, հիմա՝ արդեն Միացյալ Նահանգները: Իրականում սովետական պատմագիտության կողմից «սրբադասված» Պապ թագավորի կերպարն` իր ռեֆորմներով հանդերձ, վիճելի է թե՛ գիտական, թե՛ քաղաքական մեկնաբանության և թե՛ մ.թ. 4-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունները վերլուծելու տեսանկյունից: Ամեն դեպքում չափազանց դժվար է համաձայնվել մտքի հետ, թե Պապ թագավորի անձն ու նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովրդի կյանքում ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ նշանակություն են ունեցել: Սա մաքուր քաղաքական հայտարարություն է, ոչ ավել»: