Ռոբերտ Հայրապետյանի հրապարակումը.

«Երեկ «Հարցազրույց» հաղորդմանը կարծես թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (փաստաբան) Նիկոլայ Բաղդասարյանը հյուրընկալել էր նույն հաղորդման վարող Ագնեսա Խամոյանին։
Հաղորդման սկզբի սեղանաձև հումորներին և դրանց երկրորդող բառագիտական փայլատակումներին չեմ անդրադառնա, որովհետև պատգամավոր-փաստաբանը հաղորդման հենց սկզբից հորդորում էր անցնել իր «մասնագիտականին» և մի կողմ թողնել «ավելնորդ բաները»։

Հնչած «իրավական մեկնաբանությունները» որևէ բովանդակային քննադատության ենթարկելը նույն բանը կլինի, ինչ պղտոր ջրում ձուկ որսալը, բայց ամեն դեպքում․․․

Առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմների վերաբերյալ հարցին ի պատասխան, իր խոսքով բազմաթիվ եվրոական երկրներում վերապատրաստված նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հնչեցնում էր իմաստազուրկ պատասխաններ, դրանք շաղկապելով «հույրանոցների» վերաբերյալ տարատեսակ դետեկտիվ պատմություններով։

Պատգամավոր-փաստաբանի խորին համոզմամբ ասենք օրինակ լրագրողը (այս մասնագիտությունը առանձնակի էր շեշտադրում) իրավունք կունենա դիմելու երրորդ պետությանը, որպեսզի իր դիմումի համաձայն սկսվի իրավական որոշակի գործընթաց «ապօրինի գույքը» ՀՀ-ին վերադարձնելու ուղղությամբ։

Ինչ վերաբերվում է լիազորագրի հիման վրա բանկային տվյալների ստացման ինստիտուտի հարցին, ապա նույն պատգամավոր-փաստաբանը դասը չսերտած ու ոջիլի պատմությունը ամեն կերպ դասախոսի ականջներից կախող ուսանողի պես վերադարձավ «հույրանոցների» վերաբերյալ իր դետեկտիվ պատմություններին, և գրեթե նույնությամբ շարունակեց իրավական «կուռ և տրամաբանական» բացատրությունները «այդպես էլ ոչինչ չնկալող» հաղորդավարի համար։

Մի կողմ թողնեմ, որ այս գիգանտը առհասարակ չի հասկանում, թե Վենետիկի Հանձնաժողովը ինչ ֆունկցիա ունի և որ դեպքերում, չգիտի որ քննիչը որպես առանձին սուբյեկտ երրորդ պետություններում հանդես գալ չի կարող, որ լրագրողի ներկայացրած փաստարկները չեն կարող այլ պետության համապատասխան մարմինների համար հանդիսանալ գույքի վրա բռնագանձում տարածելու հիմք․․․

Առնվազն ոչ պրոֆեսիոնալ է իրավաբանի կողմից աննպատակ տերմինների կիրառումը, ինչ ասել է «ապօրինի գույքը» և որն է այն՞
Զարհուրելի է պատկերացնել, որ անձը, ով ժամանակին եղել է վարչապետի իրավական հարցերով խորհրդական, իսկ հիմա պատգամավոր, պատկերացում չունի սեփականության իրավունքի պաշտպանվածության ազգային և միջազգային երաշխիքների մասին, որ չի պատկերացնում մեղավորության և անմեղության կանխավարկածների տարբերությունը, ուր մնաց թե դրանց ծավալների հաղթահարումը հասկանա։

Տարիներով փաստաբանական գործունեություն ծավալած այս անձն անգամ տարրական գիտելիքներ չունի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների և դրանց ստացման մեխանիզմների մասին։ Շնորհակալ ենք գոնե, որ մեկ երկու անգամ առընչվելով լիազորագրերի հետ, որոշ չափով պատկերացում ունի դրանց կիրառելիութան մասին, բայց ցավոք սրտի միայն ներպետական ու շատ պրիմիտիվ գործարքների մասով։

Ինչքան ասեմ «էդքամ» ասելու բան կա․․․բայց սեփական մտքերի իսկության հաստատման համար փորձել վկա բերել եթերը դիտող իրավաբան ուսանողներին սա ծիծաղելի չէ։

Հ․Գ․Կնոջ հանդեպ հարգանք չցուցաբերելը մի ուրիշ «լույսով էր լցրել» հաղորդումը․․․ և ի դեպ Agnessa Khamoyan, հիշեք, որ «չի կարելի հրավիրել և ասել լավ»»։