Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը. «Էս քանի ժամանակ է Սոֆյա Հովսեփյան էր քննարկվում։ Ձեն չէի հանում։ Ի՞նչ ասեմ՝ կանգառներում, տրանսպորտում, բակերում հակաքարոզչության պատերին գամված նման զոհերը լիքն են։ Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչ են եղել մեր երկրի համար 1990-ականների առաջին տարիները։ Ինչ զոհաբերումների, ինչ հաղթանակների, ինչ ինքնահաստատման, ինչ հպարտանալու, ինչ փառավոր տարիներ են եղել։ Նրանք անգամ չգիտեն, որ պատերազմը արհավիք է, որ պատերազմի ժամանակ լույս չի լինում, որ պատերազմը եւ այս, եւ այն կողմում զոհված ու անընդհատ զոհվող երիտասարդն է։

 

Որեւէ ռուսի մտքով չի անցնի Լենինգրադի շրջափակումը հերոսական ժամանակահատված չհամարել, ինչ է՝ այդ շրջանում ինքը մանուկ է եղել ու լույս չի ունեցել։ Լուսերը մարած Լոնդոնի ոչ մի բնակիչ չի բողոքի, որ մանկության օրերին դաս է սերտել մոմի լույսի տակ ու դրսում ազատ չի վազվզել։

Այո, պատերազմ է եղել ու մենք հերոսական մի ժամանակաշրջան ենք ապրել։ Սա հասկանալու համար առաջին հերթին ողնաշար է պետք ունենալ ու միայն հետո՝ տրամաբանություն։ Չէի գրի այս մասին, եթե վարչապետ Փաշինյանի Սրբուհի Ղազարյան անունով խորհրդականը չերկրորդեր պատգամավորին ու էլ ավելի առաջ չգնար։ Այս ծիծաղելի գործիչները /պատկերացնու՞մ եք՝ պետական գործիչները/ չեն էլ հասկանում, թե ինչի մասին են գրում։

Հայաստանի Հանրապետության անցյալից ու ներկայից այսքան անտեղյակ երեւի կարող էին լինել Բրազիլիայի բնիկներից մի 5-6 մարդ միայն։ Մնացած բնիկները, հաստատ, ավելի շատ բան կիմանան, քան մեր այս ընտրյալները։

Ափսոս է ապրիլ-մայիսյան հեղափոխությունը, որ այս արագությամբ մսխվում է։ Նիկոլը լուրջ գործ արեց, Նիկոլը մեղք է, բայց ․․․ մեղքն իր վիզը։ Իր ընտրյալներն են։ Մերը չեն։ Մենք հեղափոխությունն ենք ընտրել, իսկ նա՝ մարդկանց։

Վաղը օր է լինելու եւ յուրաքանչյուրն իր արածի ու չարածի համար հաշիվ է տալու։ Հաստատուն այս կարգն արդն ոչ մի արհավիք ու ոչ մի հեղափոխություն փոխել չի կարող»։