ՀՀ ՊՆ խոսնակ արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցից: Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է.
«Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 9-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:
Գեներալ Դվորնիկովը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը Դավիթ Տոնոյանը և գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Հալեպում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցերը։
Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների բարձր մակարդակի ապահովումը:
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու գեներալ Դվորնիկովը նշել են, որ 2019թ. լինելու է համատեղ միջոցառումներով, շտաբային մարզումներով և զորավարժություններով հագեցած տարի»: