ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալԱրսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Հարկ է նկատել, որ ներկայացված որոշման ընդունմամբ կխախտվի 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 
Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Այսինքն՝ կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն (լիազորվել է), իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել:

Օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն, հետևաբար՝ քննարկվող որոշման ընդունումն արգելվում է, հաշվի առնելով նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հետևաբար, քննարկվող որոշումն ընդունվելու դեպքում այն կլինի հակասահմանադրական:

Հ.Գ. ի դեպ, որոշման նախագծի հիմքում դրված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Oրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը որևէ առնչություն չունի նախագծի ընդունման հիմքի հետ»: