Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի պատրաստած նոր օրենսդրական նախաձեռնությամբ կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կսահամանափակվի:

Նախաձեռնության մասին պատգամավորը խոսեց Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի առաջին նիստում:

«Իմ նախաձեռնությունը վերաբերում է ավարտական, կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների համար վճարովի ծառայությունների մատուցմանը: Դա լուրջ խնդիր է կրթության որակի ապահովման համար: «Գովազդի մասին» օրենքում և Վարչական օրենսգրքում փոփոխության կատարելով մենք սահմանափակելու ենք դրանց գովազդը»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:

 Նա նշեց, որ իր առաջարկած փոփոխությունը խնդիրն ամբողջապես չի կարող լուծել, քանի որ չունենք օրենսդրական լուրջ գործիքներ դրանց գործունեությունը արգելելու համար, սակայն գոնե կսահմանափակվի: Պատգամավորը նկատել է` նման գովազդները բազմաթիվ են: Իսկ խնդրի ամբողջական լուծման համար նա բուհերում հակապլագիատ գործիքի ներդրման անհրաժեշտություն է տեսնում:

Նախագիծն արդեն պատրաստ է, և պատգամավորն այն շուտով կներկայացնի: