Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ««Շտապօգնության» ծառայությունում համակարգային լուծումներ կատարելու մասին»:
«Առաջիկայում նախատեսվում է բնակչությանը իրազեկման նպատակով ներկայացնել տեսահոլովակներ, որտեղ մանրամասն կներկայացվի, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել «Շտապբուժօգնության» ծառայությանը և որ դեպքերում կարող են դիմել քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն:
Աշխատանքներ են տարվում ծառայության կանչերի թիվը նվազեցնելու նպատակով ԱԱՊ օղակ-շտապբուժօգնության ծառայություն կապ ամրացնելու ուղղությամբ:
Միաժամանակ, ԱԱՊ օղակին հանձնարարվել է ակտիվ այցեր կատարել խրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին՝ մշտական կապ պահպանելով վերջիններիս հետ: Վերը նշված աշխատանքների շնորհիվ արդեն իսկ նվազել է ծառայության կանչերի քնակը՝ օրական տատնվելով 707-ից 740-ի, նախկին 880-ից 960 կանչի փոխարեն:
Երևանի քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է գտնվում նաև «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանների շենքային պայմանների բարելավման հարցը՝ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
ՀՀ առողջապահության նախարարության հետ ակտիվ քննարկման փուլում է գտնվում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թվով 540 աշխատակիցների առողջության ապահովագրության հարցը:
Հ.Գ. կանչերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 49 քաղաքացի ամեն օր, օրական 4-5 անգամ «կանչում» են շտապօգնություն»,- գրել է նա: