«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2019 թվականի հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը:
Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը:
2018 թվականին ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակներում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք և 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար:
Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները կազմել են $5,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6,6 մլն.: ՀԿԵ 10-ամյա գործունեության արդյունքներով շարժակազմին հատկացված ներդրումները գերազանցել են $60 մլն.:
2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով (ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների ծավալի կրճատման ֆոնին)»: