Քանի որ համահայկական օրակարգում դեռևս արդիական են Սփյուռքի նախարարության լուծարման և ապագայում Հայրենիք-Սփյուռք համագործակցության խնդիրները, դրանց առավել կարևոր և զգայուն բաղադրիչները գնահատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ մի շարք իրողություների վրա․
1. Սփյուռքի նախարարությունն իր բովանդակությամբ և գործունեության ընթացքում առավելապես համակարգում էր ոչ այնքան հայրենիք-սփյուռք, որքան՝ սփյուռք-հայրենիք, իսկ շատ ավելի մասնավոր՝ սփյուռքահայ-հայրենիք հարաբերությունները՝ հանդիսանալով այն առաջին պետական մարմինը, որին դիմում է հայրենիք այցելած և ինչ-ինչ խնդիրների բախված մեր հայրենակիցը:
2. Վերոնշյալի համատեքստում կարելի է հավաստել, որ գործառութային առումով Սփյուռքի նախարարությունն առավելապես իրականացնում էր, ասենք՝ Իսրայելի օրինակով, «ներգաղթի և ինտեգրման նախարարության» գործառույթներ, ծրագրեր՝ հաճախ դառնալով միջնորդ սփյուռք-հայրենիք հարաբերություններում պետության տարբեր մարմիններում բազմաթիվ խնդիրներ լուծելու առումով: Ինչ խոսք, այս տեսանկյունից, անշուշտ, չի կարելի չնշել, որ նախարարության բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքային գործընթացում ներդրել են ոչ միայն պաշտոնական իրավասությունները, այլև անձնական հնարավորությունները, կապերը և այլն:
3. Հայ համայնքների հետ աշխատանքային քաղաքականություն մշակելիս, ծրագրելիս՝ անկյունաքարային է այն իրողությունը, որ նրանք բավական տարբեր են, յուրաքանչյուրը կամ գոնե առանձին խմբեր խորն ուսումնասիրության և առանձնահատուկ մոտեցման (ինչու ոչ, անգամ զգացական նրբություններ հաշվի առնելու) անհրաժեշտություն ունեն: Ի դեպ, սփյուռքի ճանաչելության խնդիրն այսօր օրակարգային է նաև հենց համայնքների փոխհարաբերությունների համակարգում:
4. Սփյուռքի հետ քաղաքականության մշակման օրակարգում չափազանց կարևոր է ճգնաժամային իրավիճակներում (ասենք՝ սիրիական ճգնաժամի օրինակը հաշվի առնելով) հստակ գործողությունների մեխանիզմի ներառումն ինչպես ներպետական, այնպես էլ համահայկական մակարդակում:
5. Զուտ ընկալման հարթությունում որևէ քաղաքականություն նախարարության մակարդակով կարևորելու մոտեցումը բարձրացնում է ոլորտի շահառուների վերաբերմունքը պետության հանդեպ:
6. ՀՀ կառավարության կողմից առաջարկվող լուծումը՝ սփյուռքի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի գրասենյակի տեսքով, նեղ ոլորտային մասնագետների համալրման դեպքում կարող է առավել արդյունավետ գործել հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման հարթությունում, բայց որոշակի բաց կարող է առաջանալ ինտեգրման գործառույթների մասով:
7. Հայրենիք-սփյուռք, համայնքներ-հայրենիք հարաբերությունները խթանելու համար օրակարգային է առաջին հերթին համահայկական նոր գաղափարներ մտածելու, հայեցակարգեր մշակելու ուղղությունը. նոր իրողությունների պայմաններում հեղափոխական մոտեցման անհրաժեշտություն կա նաև այս, ինչու ոչ, նաև մշակութային քաղաքականության մշակման ոլորտում:
ՀԳ. Որպես նման գաղափարական լուծում՝ կարելի է դիտարկել, օրինակ, համահայկական որևէ հիմնադրամի ֆինանսավորմամբ հայագիտական խնդիրների ուսումնասիրության կենտրոնի հիմնումը, որը կարող է տեղակայվել Շուշիում, Բեյրութում, Սիդնեյում կամ այլուր և կարող է վերածվել ինչպես «համահայկական» գաղափարներ «գեներացնող», այնպես էլ այս ոլորտում տարեկան առնվազն 20 մասնագետ պատրաստող կառույցի (ընդ որում՝ Հայաստանի և ամեն համայնքի համար ընդամենը 1 տեղ տրամադրելու պայմանով):