16:23
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում է եղել դեռևս 1921-ին

Բացառիկ փաստ. Լեռնային Ղարաբաղը 1921 թվականի առաջին կեսին պաշտոնապես Խորհրդային Հայաստանի մաս է հայտարարված եղել: Դրա մասին է վկայում կից պատկերում ներկայացվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմի 1921 թվականի հունիսի պաշտոնական հայտարարությունը:

Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերում պահվում է մի ուշագրավ հրապարակում՝ դա 1921 թվականի հունիս ամսին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (նախարարության) կողմից տպագրված ահա այս «Բյուլլետենն» է: Այդ ժողովածուում այլ իրավական ակտերի հետ մեկտեղ հրապարակված է մի բացառիկ և քիչ հայտնի հռչակագրի տեքստ, որով Լեռնային Ղարաբաղը փաստացի Խորհրդային Հայաստանի անբաժան մասն է հայտարարվում: Ստորև ներկայացնենք այդ հրապարակումն ամբողջությամբ.

«Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան պաշտօնական յայտարարութեան հիման վրա, Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի և Ադրբէջանի Սոցիալիսական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութիւնով, Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»: 

(Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Արտաքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի Ինֆօրմասիոն Բաժին, Բիւլլետեն Ա., էջ 13, Երեւան, Յունիս, 1921 թ.):

Իսկ այդ ամենի նախապատմությունն այսպիսին է եղել: Դեռևս 1920-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Արդբեջանի այն ժամանակվա բարձրագույն գործադիր մարմինը՝ Հեղկոմը, անձամբ Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիմանովի ստորագրությամբ, պաշտոնական դեկլարացիա է հրապարակում, որը հաջորդ իսկ օրը, դեկտեմբերի 2-ին, տպագրվում է Բաքվի բոլոր թերթերում: Ադրբեջանի Հեղկոմի դեկլարացիայի մեջ մասնավորապես ասվում է հետևյալը. «Զանգեզուրի և Նախիջևանի գավառները այսուհետ համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավորներին տրվում է ազատ ինքնորոշման լիիրավ հնարավորություն»:

Դրանից հետո Ադրբեջանական ԽՍՀ-ի խորհուրդը, հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ-ի և Հայկական ԽՍՀ-ի կառավարությունների միջև մինչ այդ կնքված համաձայնագիրը, 1921 թվականի հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի անբաժանելի մաս է հռչակում: Դրան հետևում է նաև Խորհրդային Հայաստանի կառավարության նույնատիպի այս հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ ներառելու վերաբերյալ: Նշենք նաև, որ Հայաստանի կառավարության ընդունած հռչակագրի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական մամուլում:

Այս ամենը փաստում է, որ Հայաստանի խորհրդայնացման առաջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում երկու հարևան հանրապետությունների միջև փաստացի առկա է եղել լիակատար կոնսենսուս, և Լեռնային Ղարաբաղը, առանց երկուստեք որևիցէ տարաձայնությունների, հռչակված է եղել որպես Խորհրդային Հայաստանի անբաժան մաս, և մնացել էր լուծել միայն միջհանրապետական սահմանների հարցը: Սակայն, ցավոք, մեկ ամիս անց անսպասելի կերպով ամեն ինչ փոխվում է:

1921 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոն Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ: Նիստի ընթացքում կրկին հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա օրինական որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում հայկական ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ նիստի ընթացակարգը: Այս որոշումը կոպտագույն խախտումով իրավական ակտ է համարվում միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, երկու առանձին սուբյեկտների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն վճիռ կայացրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

ՀԵԿ – Հայաստանի Եվրոպական կուսակցություն


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս