Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ սատկած ձկներ են գտնվել Աճանան գյուղում՝ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը գետի մեջ լցվելու հատվածում և որ խնդիրը դեռևս մնում է չլուծված:
«Հարգելի բնապահպաններ, Ձեր և բոլորի ուշադրությունն եմ հրավիրում Կապան համայնքի, Աճանան գետի նկարներն ու վիդեոները... այս խայտառակ պատկերը հետևանքն է այն բանի, որ Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերը թափվում են Աճանան գետ` ոչնչացնելով ոչ միայն ձկներին, այլև անտանելի դարձնելով մեր` տեղի բնակիչներիս, կյանքը... բացի անտանելի հոտից, մենք զրկված ենք ոռոգման ջրից և Աճանան համայնքում ապրելն այլևս անիմաստ է...
Հ.Գ.հիմնականում թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին և քանի որ տունս գտնվում է գետից 50 մ հեռավորության վրա, անտանելի հոտից նույնիսկ չենք կարողանում քնել:
Բազմաթիվ անգամ ներկայացվել են այս խնդիրները բնապահպանների, էկոլոգների, տեղի բնակիչների կողմից, բայց դեռ սայլը տեղից չի շարժվում։ Հանքարդյունաբերողները մնում են օրենքից դուրս, իսկ իրենց աղտոտող ձեռքը բռնող գրեթե միակ պետական կառույցի ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ ցավոք ազատվում է աշխատանքից»,-ասվում է ՀԲՃ-ի հայտարարության մեջ: