09:57
«Իլհամ բաբան Փաշինյանին վերելակի մեջ «ավելի լավ» զգալուց հետո վերջինիս համար մեծ խնդիրներ ստեղծեց Ղազախստանում և Վրաստանում՝ հրահրելով հակահայկական հիստերիա…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զոհրաբ Մնացականյանի` «ավելի լավ իրար զգալու» հայտարարության հետքերով.

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր էր այցելել և ոտքի վրա մամլո ասուլիս տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին…

Նախ, պարոն Մնացականյանն այնքան նյարդային էր, որ լրագրողների հարցերին պատասխանելիս ընդհատում էր նրանց, ինչը շատ տհաճ էր…
Պարոն Մնացակայնանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախախրաների մի քանի ժամյա հանդիպումներին և դրանց չլուսաբանմանը և՛ հայաստանյան, և՛ ադրբեջանական ներկայացուցիչների կողմից ավելի լավ բան չհնարելով, մի քանի անգամ կրկնեց, որ այդ երկարատև հանդիպումների ժամանակ երկու կողմերի ներկայացուցիչներն «ավելի լավ են իրար զգում»…

Հետաքրքիր է ստացվում… Պարոն Մնացականյանը, որը երկար տարիներ եղել է ԱԳՆ-ում պատասխանատու պաշտոնների և գործի բերումով բազմիցս է շփվել ազերի դիվանագետների հետ` հաճախակի և իր կողմից չմեկնաբանվող «շփումների միջոցո՞վ է ավելի լավ զգալու» ազերիների տրամադրությունները…

Պաշտոնական Բաքուն երբևէ չի թաքցրել, որ Հայաստանի հետ բանակցություններում առաջանորդվում է «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով… Իսկ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայոց բանակի զինվորներին գլխատող Ռամիլ Սաֆարովի հետնորդներին`նոր «ռամիլսաֆարովներին» տներ և շքեղ մեքենաներ է բաժանում… Այս և շատ այլ փաստերի հիման վրա պետք է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «ավելի լավ զգա» Բաքվի իր գործընկերոջ տրամադրությունները Հայաստանի, Արցախի և հայության նկատմամբ, այլ ոչ թե 4-ժամյա չմեկնաբանվող հանդիպումներով…

Ի դեպ, պարոն Մնացականյանին հիշեցնեմ, որ երբ նա Եռաբլուրում Մամեդյարովին «ավելի լավ զգալու» կոչերով էր հադես գալիս, Ադրբեջանի բռնապետ Ալիևը իր պալատում ընդունում էր, այսպես կոչված, շահիդների՝ հայերի դեմ ռազմական գործողություններում լեշացած ազերի ասկյարների ընտանիքների անդամներին և որպես շնորհակալություն նրանց էր հանձնում 6400 դոլար հաշվին պլաստիկ քարտեր…

Այո՛, և այդ ամենը Ալիևը հատուկ արեց Հայոց բանակի տոնի օրը… Իսկ պարոն Մնացականյանի չտես կուսակիցները, որոնք, 3-ից 8 ամիս աշխատելով կառավարման համակարգում, առանց ամոթ զգալու իրենք իրենց և իրենց բերած մարդկանց ահռելի պարգևավճարներ էին տալիս, այսօր ի՞նչ են նվիրել մեր զոհված ազատամարտիկների և զինվորների ընտանիքներին… Ադրբեջանցիներին «ավելի լավ զգալու համար» նրանց հետ մի քանի ժամ հանդիպում անցկացնել պետք չէ… Պետք է ընդամենը նայել թե իրականում ինչ քայլեր է ձեռնարկում ապշերոնյան բռնապետը Հայաստանի և Արցախի նկատմամբ և թերթել ալիևյան մամուլը…

Եթե ՀՀ ներկայիս իշխանությունների հռետորաբանությունը Բաքվի նկատմամբ փոխվել է և մեր իշխանությունները, ինչպես միջնորդներն են առաջարկում, պատրաստում են հասարակությանն ազերիների հետ խաղաղ ապրելուն, ապա նույնը չի կարելի ասել Բաքվի մասին, որի հռետորաբանությունը Հայաստանի և հայերի նկատմամբ ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է սաստկացել… Ավելին` Իլհամ բաբան Փաշինյանին վերելակի մեջ «ավելի լավ» զգալուց հետո վերջինիս համար մեծ խնդիրներ ստեղծեց Ղազախստանում և Վրաստանում՝ հրահրելով հակահայկական հիստերիա…

Մամլո ասուլիսի ժամանակ պարոն Մնացականյանը նաև հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ամեն ինչ անում է, որ Արցախը “պրակտիկորեն” վերադառնա բանակցային սեղանի շուրջ… Այս հայտարարությունն այնքանով է զարմանալի, որ Ստեփանակերտը 1997թ-ից ի վեր միշտ էլ պրակտիկորեն եղել է բանակցային սեղանի շուրջ (դրա ապացույցն է այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները տարածաշրջան այցելելիս հաճախակի եղել են նաև Ստեփանակերտում), իսկ Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը խոստացել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ` որպես լիիրավ անդամ…

Որքան կարելի է կռահել, պաշտոնական Երևանին չի հաջողվում կյանքի կոչել Փաշինյանի խոստումը և Մնացականյանը, որպես ձեռքբերում, բարձրաձայնում է մի բան, որը վաղուց կա… Զոհրաբ Մնացականյանը նաև ասում է, որ իշխանությունները չեն հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից…

Եթե չեն հրաժարվել, ապա ինչո՞ւ այն տեղ չի գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ, որի շարունակությունն էլ պետք է լիներ Դուշանբեն…

Հ.Գ. Ամեն դեպքում, ով էլ գա իշխանության Հայաստանում պետք է հաշվետու լինի հասարակությանը, հատկապես, եթե դա վերաբերում է Արցախին…»:

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս