Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ կուսակիցներ
Այս տարվա շրջանային կուսակցական հանդիպումների շարքը որոշել եմ սկսել Քաշաթաղից: Մասնավորապես երեկ՝ հունվարի 24-ին, այցելել եմ շրջանի հարավային թև և Իշխանաձոր համայնքում հանդիպել «Ազատ հայրենիք» կուսակցության ենթաշրջանային ակտիվի հետ։
Կարծում եմ՝ բովանդակային առումով շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել կուսակցության առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ։ Ուրախ եմ արձանագրել, որ տեղի կուսակցական կորիզի կողմից նախաձեռնողականության պակաս չկա, իսկ երիտասարդների ներգրավմամբ կուսակցական շարքերի ակտիվ համալրման գործընթացը շարունակվում է։
Այցի ընթացքում առիթ եմ ունեցել տեսակցելու նաև իմ ընտանիքի համար վաղուց հարազատ դարձած սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոյի ընտանիքին, որ երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2016 թ.-ին Ղամիշլիից։ Միայնակ մեծացնելով երեք երեխաներին՝ Հայկը պատվով կատարում է բժշկի, քաղաքացու և հոր առաքելությունը: Իսկ մեծ աղջիկը՝ Աննան, որ այս տարի ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, շարունակելու է հոր գործը։
Առհասարակ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում աշխատելուս տարիներին, հաշվի առնելով Քաշաթաղի շրջանի խնդիրների առանձնահատկությունները, փորձել եմ համաչափ ուշադրության արժանացնել դրանք, և ձեռքբերումներն այսօր ակներև են: Անդրադառնալով դրանցից մեկին՝ նշեմ, որ 2018 թ.-ին հիմնականում պետական միջոցներով Իշխանաձորում կառուցված 52 առանձնատների շնորհիվ բնակավայրի բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ՝ ընդհանուր թվաքանակը հասցնելով 600-ի: Համայնքն այսօր ունի դպրոցական ու նախադպրոցական տարիքի մոտ 250 երեխա։ Կա՞ արդյոք ավելի մեծ արժեք ու նվաճում…
Առաջիկա օրերին հանդես կգամ ավելի ծավալուն անդրադարձով ենթաշրջանի ծրագրերին»։