ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Յուրի Բրոյանի գործին:
Ստորև ներկայացնում ենք պարազբանումն ամբողջությամբ:
«Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ:
14.01.19թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է ներկայացել փաստաբան Հայարփի Սարգսյանը, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առ այն, որ նա հանդիսանում է շարքային Յու.Բրոյանի շահերի պաշտպանը և ըստ ընթացակարգի, նրան տրամադրվել է աշխատասենյակ և թույլատրվել տեսակցելու շարքային Յու. Բրոյանի:
16.01.19թ. ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով Յուրի Բրոյանը տեղափոխվել է ԿԿԶՀ հետազոտման, նույն օրը նյարդաբանը և թերապևտը ուղեգրել են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք, վերը նշված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից ոչինչ չի հայտնաբերվել և տրվել են համապատասխան տեղեկանքներ առողջական վիճակի մասին, որոնց համաձայն զինվորը նյարդաբանական խնդիր չունի:
Նույն գրառումն է կատարել նաև բժիշկ թերապևտը, իսկ հոգեբուժական բաժանմունքում տրվել է տեղեկանք, որ զինվորը հոսպիտալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի ներգրավվածությունից և ներկայացված միջնորդությունից հետո քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ուղարկել ստացիոնար ամբուլատոր փորձաքննության:
Քանի որ գործը գտնվում է քրեաիրավական տիրույթում, հարուցված է քրեական գործ, գործով ներգրավված է պաշտպան, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում անձի և քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունից, միաժամանակ տեղեկացնում է բոլոր շահագրգռված անձանց, որ պաշտպանության նախարարությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակում պահելու շահագրգռվածություն բացարձակապես չունի: Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է քրեաիրավական վարույթի կայացված որոշումների շրջանակում համապատասխան գործողություններ զինծառայողի հետագա զինծառայության ընթացքի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է զինծառազյողի ընթացիկ վիճակին, ապա, ինչպես վերը նշված է, ՊՆ-ը ևս մեկ անգամ հավաստում է, որ նրան պարբերաբար այցելում են ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունում նա գտնվում է մշտական հսկողության ներքո և առողջական վիճակի թեթև փոփոխության դեպքում անգամ, նա անմիջապես ուղարկվում է համապատասխան ռազմաբժշկական հաստատություն առողջական վիճակի մոնիթորինգի նպատակով:
ՊՆ-ը ողջունում է անկախ օրգանում անաչառ քննությունը և ինչպես նշեցինք պատրաստ ենք դրանից բխող իրավաչափ որոշումների իրականացմանը մեր մասով:
ԱՅՍՊԻՍՈՎ ՓԱՍՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԽՆԴԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՊՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ: ԵՎ ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ ԵՆՔ ՆԱԽԿԻՆ. ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ՊՆ-Ը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՈՒՆԵՆԱ ԻՐ ՇԱՐՔԵՐՈՒՄ, ԱՎԵԼԻՆ ՀՀ ԶՈՒ-ԵՐՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՆԱև ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ: ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԳԻՏԱԿԻՑ և ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ և ՈՉ ԹԵ ԻՐԱԿԱՆ ՈՒ ՇԻՆԾՈՒ ԱՌԻԹՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐ: Հիշեցնենք, որ շարքային Յու.Բրոյանի նկատմամբ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնում 20.09.18թ.-ի ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90865318 քրեական գործը` ինքնավնասում կատարելու փաստով, իսկ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված թիվ 90214418 քրեական գործով՝ ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի, 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով վերջինս ներգրավված է որպես տուժող: Շարքային Յու.Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ընդունված օրվանից չի խոսել, տրված հարցերին պատասխանել է գլխի թեթևակի շարժումով:
Առաջին օրը հրաժարվել է սննդից` պատճառաբանելով, որ քաղցած չէ, միշտ գտնվում է կուչ եկած վիճակում և ձեռքերը դողացնում է: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու 2-րդ օրը սկսել է օգտվել սննդից: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից շարքային Յու.Բրոյանը օրը 2 անգամ ենթարկվում է բժշկական զննության, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրվում է զինվորական հոսպիտալ` համապատասխան հետազոտման: Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով 27.12.2018թ. ուղեգրվել է ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ բժիշկների խումբը հետազոտել է շարքային Յու.Բրոյանին և տվել տեղեկանք, որ զինվորը հոսպի-տալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը»: