«Ինչն էր հարյուրհազարավոր մարդկանց ստիպում 2008 թվականին տաս օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գիտակցությունը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ հինգ հազար մարդ հավաքել։ Ոչ մի հոգեխանգարմունք կամ նեյրոլինգվիստիկա չէր օգնի, եւ ընդդիմությունը, որքան էլ ճարտար, որեւէ այլ փաստարկով չէր կարող ժողովրդին ոտքի հանել։
Հետեւաբար, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանությունները Մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Թեեւ, ինչպես պարզվեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրամանից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պետական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավաքի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբողջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին։ Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավազակապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։
ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխանությունները, ինչն այլ բան, քան պետական հեղաշրջում չի կարելի անվանել։
***
Որեւէ բանական մարդու եւ առողջ հասարակության համար Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել,
- քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել Մարտի 1-ի զոհերի ընտանիքները,
- քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեության համար ապօրինաբար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները,
- քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմակերպիչները,
- քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները:»
Լևոն Տեր-Պետրոսյան, 01.03.2010թ.