Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր մատուցել բացարձակ օբյեկտիվ և հիմնավորված ինֆորմացիա

2008 թվականի մարտի 1-ը Հայաստանի նորանկախ պատմության ամենացավալի էջերից մեկն է, մարտի 1-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա հանրության կողմից շատ ցավոտ ու սուր է ընդունվում և դա ինչ խոսք բնական է և հասկանալի: Հաշվի առնելով, թեկուզ միայն, այս հանգամանքը պետք է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել, մարտի 1-ի վերաբերյալ որևէ տեղեկատվություն մատուցելիս:
Մինչդեռ երեկ Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը ցուցադրեց մարտիմեկյան ողբերգությանը նվիրված Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որում խոսվեց մի թղթի կտորի մասին, որտեղ նշված է, թե իբր այդ օրերին, ի թիվս այլ անունների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը ևս ինչ-որ հանդերձանք է ստացել:
Անթույլատրելին այստեղ այն է, որ հանրային հեռուստաընկերությունը թվում է թե, պետք է մատուցեր բացարձակ օբյեկտիվ և հիմնավորված ինֆորմացիա, զերծ մնալով այս փուլում մերկապարանոց հայտարարություններին եթեր տրամադրելուց՝ հատկապես այն դեպքում, երբ ընթանում է նախաքննություն և գործով որևէ վճիռ առկա չէ:
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի իբր թե հագուստ ստանալու հանգամանքը ժամանակ առ ժամանակ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով շրջանառվել է համացանցում, ինչը համացանցային տիրույթում գուցե հանդուրժելի է, քանզի իրավակիրառ մեխանիզմները համացանցային տիրույթում գրեթե բացակայում են:Սակայն,պետական հեռուստալիքը, որի տված յուրաքանչյուր ինֆորմացիա պետք է մանրազննին ուսումնասիրվի, սեփական հանրային եթերը տրամադրում է համացանցում ծնունդ առած մի ֆիլմի, որը մասնավորապես Գագիկ Ծառուկյանի մասով զրպարտություն է պարունակում:
Այդ թղթում նշված անուններից միայն Գագիկ Ծառուկյանն է, որ բազմաթիվ անգամ հերքել է իր թիկնազորի մասնակցությունը մարտիմեկյան դեպքերին: Ավելին՝ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ մարտի մեկը պետք է իր ամբողջ ծավալով բացահայտվի, և բոլոր մասնակիցներն առանց բացառությունների պատասխանատվության ենթարկվեն: Ավելին՝ նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Ծառուկյանը միակն է այդ ցուցակում, ով պաշտոնապես հերքել է իր թիկնազորի մասնակցությունը:
Տեղին է նշել, որ մարտի 1-ին հաջորդող իսկ օրերին, տվյալ ժամանակահատվածի ընդդիմադիր թեթերից մեկը՝ Հայկական Ժամանակը, հստակ նշել էր, որ Ծառուկյանը միակն է եղել, ով կոչ է արել այդ ժամանակվա իշխանությանը ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
Այսպիսով հաշվի առնելով այս ամենը հանրային հեռուստաընկերությունը ավելի պատասխանատվությամբ պետք է մոտենա իր կատարած աշխատանքին՝ բացառելու համար բացահայտ զրպարտանքի տարածումը նման հարթակից: