Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգեւատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։ Այս տվյալը հրապարակել է քաղաքապետը 21.01.2018-ին «Ազատություն» ռադիոկայանին տված Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ընդ որում, Մարությանը նշել է, որ ինքն իրեն պարգեւատրում չի հատկացրել։
Ի դեպ, Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քաղաքապետը հանրությանը տեղեկացրել էր նաեւ, որ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ, սա պարգևատրման նշված գումարից շուրջ տասնհինգ անգամ ավելի շատ է։
….
Ամանորյա պարգեւավճարների այս ծավալը պլանավորվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Քաղաքի գործող իշխանությունը անփոփոխ ձեւով բաշխել է նախկինում պլանավորած պարգեւավճարները՝ որոշելով հետագա պարգեւատրումների համար կիրառել աշխատատանքի արդյունավետության գնահատման գործակից եւ յուրաքանչյուր աշխատակցին պարգեւատրել ըստ այդ գործակցի։
….
Քաղաքապետարանը հայտնել է, որ պատրաստ է հրապարակել պարգեւատրումների անվանական ցանկը, եթե Արդարադատության նախարարությունը եզրակացություն տա, որ այդ հրապարակումը չի հակասում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությանը։
...
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում մասամբ ներկայացրել է խնդրի վերաբերյալ դիրքորոշումը՝ նշելով, որ «դա համարվում է անձնական տվյալ, և գործատուն կարող է միայն /աշխատակցի/ գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի: «Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»։
…..
Քաղաքային իշխանությունը համոզմունք ունի, որ պարգեւավճարների կիրառումը գործուն միջոց է՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը եւ խթանելու որակյալ կադրերի ներգրավումը։ Պարգեւատրումների պրակտիկան շարունակվելու է, այս կամ այն աշխատակցին պարգեւատրելու որոշումը կամ պարգեւավճարների չափը սահմանվելու է՝ գնահատելով նախընթաց ժամանակահատվածում նրա աշխատանքը»։