Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պատմությունը բազմաթիվ կողմեր ու խութեր ունի։ Սկսած «տիեզերական արդարության» փիլիսոփայական հարցից՝ վերջացրած անձնական, նեղ անձնական հարցերով։
Այդ լայն տիրույթում է նաև հարցի իրավական կողմը՝ իր արժեքային, իրավապաշտպանական, ընթացակարգային և այլ ենթահարցերով։
Առայժմ անդրադառնամ միայն ընթացակարգային կողմին։ Ըստ «Ներման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ Ներման խնդրագիրը պետք է բովանդակի, ի թիվս այլոց, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ։
Հարց. Մհեր Ենոքյանը ընդունե՞լ է իր մեղքը։ Զղջացե՞լ է իր արարքի համար։ Եթե՝ ոչ, ապա սա ներում է՞, թե արդարադատության գործառույթի փաստացի իրականացում արտադատական մարմնի կողմից։ Եթե՝ այո, ապա տասը տարի անընդհատ նա պնդում էր, որ դատական սխալի զոհ է, ինքը մեղավոր չէ, և այլն։ Փոխե՞ց վերաբերմունքը։ Ու մի հանգամանք էլ։ Ըստ վկայակոչածս օրենքի՝ ինչ ասես ենթակա է հաշվի առնելու, բացի տուժողների վերաբերմունքից։
Սա որքանո՞վ է իրավաչափ։ Հատկապես ցմահ ազատազրկվածներին ներում շնորհելու հարցերով տուժողների՝ լսված լինելու իրավունքը կարևոր է։ Մինչդեռ այն մոռացված է ու անտեսված։ Հուսով եմ, Վարչապետի և Նախագահի աշխատակազմները հաշվի կառնեն նշված նկատառումները, խորամուխ կլինեն գործի բոլոր կողմերին ու խութերին՝ սկսած հենց «տիեզերական արդարությունից»»: