ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դպրոցներում ջեռուցման հարցերի հետ կապված։
«Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար: Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար:
Նաև մարզերի և համայնքների ղեկավարներին խնդրում եմ ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները, թեպետ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»,– ասել է նա: