Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Դավիթ Գևորգյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո առաջարկ ստացա շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հաշվի առնելով թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո հանդիպումներին, անձնական նամակներով մարզի բազմաթիվ բնակիչների ցանկությունը այս հարցի հետ կապված, ինչպես նաև սկսածս ծրագրերը շարունակելու և նորերը կյանքի կոչելու մտադրությունս` որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում:
Կուտակված խնդիրները ահռելի ծավալների են, միջոցները խիստ սահմանափակ են և ամեն օր անհնարինը հնարավոր դարձնելու պայքարի մեջ ենք ողջ թիմով: Լավ գիտակցելով մեր ուսերին դրված բեռը` պարտավոր ենք արդարացնել ՀՀ քաղաքացու սպասելիքները: Հաջողություն եմ մաղթում թե՛ գործադիրում մնացող, թե՛ օրենսդիր գնացող մեր թիմին»: