ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «հերթական ապատեղեկատվության մասին»: Նա, մասնավորապես, նշել է.
Ինչ վերաբերում է ստացիոնարներում հոսպիտալացված հիվանդներին, ապա սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 487 և թոքաբորբով 168 հիվանդ։ Բոլոր հիվանդներին ունեն առողջացման դրական շարժընթաց, և նրանցից 97%-ը երեխաներ են։
Հունվարի 4-ին գրիպի նկատմամբ իրականացված 25 նմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքում միայն 10-ում հաստատվել է գրիպ։ Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։
Ինչ վերաբերում է «Im hayastan» անունով կայքի տարածած տեղեկատվությանը՝ իբր հազարավոր մարդիկ սուր շնչառական հիվանդություններով դիմել են պոլիկլինկաներ և դրա պատճառով դասերը կերկարացվեն՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Ավելին՝ կառավարությունը գտնվում է արձակուրդում և դեռևս նիստ չի հրավիրվել, հետևաբար ես չէի կարող նման հայտարարություն անել։ Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի:
Առողջապահության նախարարության կողմից իրավիճակը սուր շնչառական վարակների ու գրիպի առումով վերահսկելի է։
Խնդիրների առաջացման դեպքում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Հ.Գ. վստահեք միայն ճշտված լուրերին»: