Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Վերջերս իմ և ընկերներիս աջակցությամբ ավելի քան 130 տարվա ընդմիջումից հետո վերահրատարակվել է (առաջին անգամ տպագրվել է 1886թ.-ին, Սանկտ Պետերբուրգում) «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը:
Պատմագրության հեղինակը, ըստ գրքի առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի, Աբրահամ Բեկնազարյանցն է, ում թելադրածը գրի է առել որդին՝ Ապրես Բեկնազարյանցը. նրանք ծնունդով ներկայիս Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից են:
Օգտվելով հանգստյան օրերին ունեցածս ազատ ժամանակից, որոշեցի այն կարդալ և պետք է ասեմ, որ հեղինակը գրքի միջոցով լույս է սփռում մեր երկրամասի պատմական կարևոր և հույժ գաղտնի տեղեկությունների վրա: Հատկապես հետաքրքրական էր ծանոթանալ Արցախի հայ մելիքների քաղաքական նկրտումներին, տնտեսական կապերին, հայ կաթողիկոսների ու մելիքների ունեցած գաղտնի հարաբերություններին՝ Ռուսական կայսրության քաղաքական և զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև պարսից շահերի և նրանց արքունի կապերին՝ Այսրկովկասի խաների հետ և այն: Ու այդ ամենը՝ գրեթե արխիվային փաստաթղթերի ու նամակների տեսքով…
Բնականաբար, ինչպես ենթադրվում է, հետաքրքիր նյութերի և նորությունների պակաս չկար, բայց որպեսզի գրքի հանդեպ հանրային հետաքրքրությունը չպակասի, առայժմ կանդրադառնամ միայն Արցախի մելիքական տոհմերի ծագումնաբանության մասին տեղեկատվությանը, որը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի:
Ըստ հեղինակի՝ Արցախի մելիքական բոլոր հինգ տոհմերը՝ Մելիք-Բեգլարյանները (Գյուլիստան), Մելիք-Իսրայելյանները (Ջրաբերդ), Հասան-Ջալալյանները (Խաչեն), Մելիք-Շահնազարյանները (Վարանդա) և Մելիք-Եգանյանները (Դիզակ) բնիկներ են, ինչը օրինակ հակասում է «Խամսայի մելիքություններ» աշխատության մեջ հայ մեծ վիպասան Րաֆֆիի այն պնդմանը, որ Արցախի մելիքներից ծագումով տեղացի է եղել միայն Հասան-Ջալալյանների տոհմը: Ավելին, նրանք Բուն Աղվանից հայոց վերջին թագավոր Գրիգորի (11-րդ դար) երեք որդիների՝ Սմբատի, Վախթանգի և Վասակի սերունդներն են: Որպես ասածիս հավաստում՝ «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից մեջբերեմ մի հատված. «...Որովհետև Ղարաբաղը Աղվանից երկրի մի մասն է կազմում, և հինգ մելիքներն Աղվանից թագավորների՝ հետագայում իշխող սերունդներն են, իբրև բազմադարյա սեփականություն՝ այդ երկրի հողերը կտակել են հինգ ժառանգորդ մելիքներին, որդոց որդի տեր և իշխան կարգելով…»: Իսկ Աղվանից հայկական թագավորության ակունքները, ինչպես գիտենք, սկսվում են վաղ միջնադարից:
Կարծում եմ՝ պատմաբաններն ու ուսումնասիրողները, իսկապես, անելիք ունեն այս հարցում, հատկապես, որ այդ մելիքական տոհմերի ժառանգներն այսօր էլ շարունակում են ապրել Արցախում և Մայր Հայրենիքում՝ յուրօրինակ կապ հանդիսանալով մեր ներկայի ու անցյալի միջև:
Մի խոսքով, հետաքրքիր գիրք սեփական պատմության մասին վավերագրական ավելի խորը տեղեկություններ փնտրողների համար, որ խորհուրդ կտայի անպայման ընթերցել»: