Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցներ,
2018 թ համաշխարհային պատմության էջերում Հայաստանն առանձնացավ իր ձեռագրով։ Սա այն ձեռքբերումն է, որի համար այլոք վճարում են արյամբ, տարածքով, մեծ գումարներով։ Մենք միասին աշխարհին ասեցինք. եղել ենք կանք ու դեռ պիտի մեր խոսքն ասենք։
Ողնաշարի ուղղման այս կարևոր տարին ավելի հիմնավոր կդառնա, եթե աշխարհին ասենք, որ բացի հեղափոխության մեր առանձնահատուկ փորձից հաջորդող տարիներին կարող ենք արտահանել տնտեսական, կրթական ու գիտական մեր նորամուծությունները, մեծ թվով զբոսաշրջիկների համար մեր բարձրավանդակի այս փոքր հատվածը կդարձնենք գրավիչ ու հյուրընկալ։
Մենք հաստատակամ ենք վերոնշյալ և այլ ոլորտների հեղափոխություններին, իսկ դա նշանակում է, որ դժվարություններով լի այս ճամփան լինելու է բարդ բայց հաղթահարելի, որի համար ջանք չենք խնայելու, որի իրականացման համար կա միայն հիմնավորում։
Ես անձամբ խոստանում եմ, որ ոչինչ չեմ խնայելու որպեսզի ունենանք մեր երազանքների Հայաստանը, ոչ մի վայրկյան չեմ ամաչելու իմ արածների համար ու միշտ անկաշկանդ նայելու եմ ձեր աչքերին։
Բոլորիդ մաղթում եմ ուրախ և երջանիկ տարի
Հ.Գ. հատուկ շնորհակալություն եմ հայտնում ու շնորհավորում սահմանին կանգնած մեր զինվորներին ու նրանց հրամանատարներին, նրանց թիկունքում ապրող մեր գյուղացիներին. ապրեք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ արժանին մատուցենք։ Եղեք անփորձանք...»։