«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Aravot.am-ին «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի տված մեկնաբանությանը, ըստ որի՝ «Արմնյուզի» հետ «Ա1+»-ի պայմանագիրը դադարեցվել է, և այսուհետեւ չի հեռարձակվի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը:
«Անկեղծորեն զարամացած եմ իմ հարգարժան գործընկեր Մեսրոպ Մովսեսյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցից: Կարծում էի՝ մեր 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անպատասխան հարցեր չէին մնացել, և պարոն Մովսեսյանի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ:
Այնուամենյանիվ հարկ եմ համարում նշել, որ.
1. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
2. «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը:
3. «Արմնյուզ»-ն ունի ֆինանսական առողջացման նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնց հաջող իրականացման ընթացքում համագործակցությունն այլ հեռուստաարտադրողների հետ ամենևին չի բացառվում:
Հ.Գ. Ցավում եմ, որ իմ գործընկերներ Anna Israyelyan-ն ու Aram Abrahamyan-ը մեզ հետ չեն խոսել լուրը հրապարակելուց, որը տարատեսակ մտացածին դատողությունների և մեկնաբանությունների տեղիք է տվել»,- գրել է Քեշիշյանը: