«Ոչ մեկի մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ով է գժվել, որ դեֆոլտի շեմին կանգնած երկրին $490,000,000 փող տա: «Դեֆոլտի շեմ» ասածը եթերային մի գաղափար չէ: Գալիք տարվա բյուջեի դեֆիցիտը 150,000,000 դոլար է, ՀՆԱ-ի աճը արագ ձգտում է դեպի զրոյի ու շատ հնարավոր է մինուս մտնի: Ի հեճուկս ՀՀ գերագույն գլխավոր թամադայի կենացների, ստվերը ոչ թե չկա, այլ կա ու, ըստ ԱՎԾ-ի վերջին տվյալների, գնալով աճում է:

Մինչդեռ 2019 թվականին Հայաստանը պիտի 700,000,000 դոլարի արտաքին պարտավորություն մարի: Սա մարում է, որը ի տարբերություն նախորդների նույնիսկ պլանավորված էլ չէ բյուջեում: Պլանավորված չի, որտև պլանավորելու իմաստ չկա: Չի կարա ՀՀ բյուջեն իր 25%-ի չափով մարում անի: Նման մարում անելու համար, ոչ թե նախարարությունները պիտի կրճատվեն, այլ ամբողջ կառավարությունը, ԱԺ-ն, բոլոր ուսուցիչները, բժիշկներն ու նույնիսկ թոշակառուները: Աճող տնտեսության դեպքում իմաստ ունի վերավարկավորել ու Կարապետյանը հենց այդ հույսով էր ապրում, բայց գահավիժող տնտեսության դեպքում կես միլիարդ վարկ տալը մոտավորապես նույն բանն ա, ոնց որ փողոցի մուրացկանին $10,000 տաք էն հույսով, որ մի շաբաթից կվերադարձնի: Գիտեք` ո՞վ կարա տենց բան անի, ո՞վ կարա էդ մուրացկանին հանի տա էդ $10,000-ը: Նա, ով մուրացկանի պատճառով ավելի շատ է կորցնում:

Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն մոտ 5 միլիարդ դոլար է: Նրանք բանակի վրա վերջին երեսուն տարում մի քանի տասնյակ միլիարդ դոլար են ծախսել: Բանակից զատ ունեն նաև բավականին շռայլ հատուկ գործողությունների բյուջե, էդ հատուկ գործողությունները ներառում են, ոչ միայն Եվրոպայում ու ԱՄՆ-ում չինովնիկներ ու լրագրողներ գնելը, այլ, օրինակ, տարատեսակ միջնորդների միջոցով Հայաստանում պրոյեկտներ ֆինանսավորելը:

Պրակտիկան ցույց տվեց, որ ռազմական ծախսերը անհամեմատ ավելի անարդյունավետ են, քան «դիպլոմատիկ» ծախսերը: Հայաստանի, այսպես կոչված, թալանված բանակը կարողացավ հետ մղել ապրիլյան պատերազմի բոլոր ալիքները: Մինչդեռ երկիրը ներսից վերցնելը շատ ավելի հեշտ ստացվեց: Հիմա պետք ա պետության և մասնավորապես տնտեսության կոլապսը հասցնել այն մակարդակի, որ մի քանի հարյուր միլիոն դոլարի համար հայերն իրենց ձեռքով քանդած պետությունը կտոր-կտոր անեն ու նվիրեն հարուստ «փրկչին»:

Վերջին տաս տարում մոտս անընդհատ նույն հարցն էր առաջանում՝ ինչո՞ւ են միջազգային կառույցները մի ձեռքով վարկ տալիս ՀՀ-ին, մյուս ձեռքով գրանտ տալիս ՀՀ-ի իշխանությունները դելեգիտիմացնող կառույցներին ու անհատներին: Ահռելի չափերի հասնող ստվերի ու կաշառակերության մասին միֆերը, Սաշիկի միֆը և բազմաթիվ այլ միֆերի իմաստը միշտ եղել է պետության կազմաքանդումը: Բա ի՞նչ իմաստ ունի վարկ տալ պետությանը ու նենց անել, որ նա այդ վարկը չկարողանա մարի: Իմաստը միշտ նույնն էր, միշտ, արդեն քանի հարյուր տարի ա նույնն ա: Իրանի, Թուրքմենիայի, Ադրբեջանի ու Ղազախստանի նավթը ու դրա տրանզիտի ուղիները պիտի վերահսկեն անգլո-սաքսերը: Էդքան բան:

Հ.Գ. Մեկը չալարեր, նստեր մի կես տարի ժամանակ ծախսեր ու ցույց տար, թե ոնց են դրսից եկած էժան փողերը մտնում հայաստանյան բանկեր, հետո ուղղվում շատ կոնկրետ խմբերի առևտրային ցանցերի ստեղծմանը: Ասենք, ձեզ թվում ա՝ «Աշտարակ Կաթը» լուսնի՞ց էր ընկել աղանդավորների ձեռքը: Կամ՝ ո՞նց ա տենց ստացվում, որ աղանդավորների ցեխի արտադրանքը միշտ շատ արագ սպառում է ստանում: Ընդ որում, սպառվում է առևտրի այն ցանցերում, որոնք նույնպես վարկավորված են ու իրենց բանկի տոկոսից բացի, նաև տասնորդ են վճարում իրենց համապատասխան պատվելի հովվին: Ո՞նց ա էլի լինում, որ անտաղանդ երգիչն երկու օրում ծախում ա իր հիմար մենահամերգի տոմսերը։

Դեռ տաս տարի առաջ մահափորձ տապալած ու բռնված ադրբեջանցի լրտեսները Երևանի կենտրոնում ԱԱԾ-ի պադվալից էին փախչում: Էս պետությունը շուտվանից էր գրավված ներսից, 2018-ին պարզապես հաջորդ փուլի մեկնարկն է տրվել: Ընդ որում՝ վստահ եմ կոնկրետ Նիկոլին չի էլ ասվել իր իրական առաքելության մասին: Իրեն, վստահ եմ, թվում է, որ ինքն է երկիրը կառավարում»: