Մշակույթի, սպորտի և կրթության նախարարությունների հնարավոր կամ արդեն ուրվագծվող միացումն անհանգստացնող է, եթե ոչ՝ անհասկանալի։ Գուցե հետագայում հիմնավորումներ կբերվեն ոլորտում օպտիմալացման անհրաժեշտության, կառավարման նոր մոդելներ որդեգրելու, այլ առաջնահերթություններ սահմանվելու վերաբերյալ, սակայն հրապարակում սոսկ միացման առաջնահերթությունն է և ոչինչ բովանդակության կամ տեսլականի մասին, այն մասին, թե մշակութային ինչ քաղաքականության, ինչ ռազմավարության վրա է հենվելու օպտիմալացումը կամ՝ Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում ինչ տեղ է վերապահված նրան։
Հայաստանի համար առանցքային, խիստ ընդգրկուն երկու ոլորտները`կրթություն-մշակույթ, մեկ տանիքի տակ ամփոփելու մտայնությունը թույլ է տալիս տարակուսել՝ արդյոք գիտակցվում և կարևորվում է մշակույթի դերակատարությունը ինքնության, պետականության, անվտանգության համատեքստում։ (Գրեթե չեմ կասկածում, որ մշակույթը լուսանցքվելու է): 
Այնպես էի ուզում հավատալ, որ Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքականությունը պիտի կարողանար պատասխանել հասարակության առջև կանգնած կարևորագույն խնդիրների՝ ինչ երկիր ենք կառուցում, ով է նրա քաղաքացին, ուր ենք գնում։ Այդ քաղաքականությունը կենսունակ պիտի լիներ ամենուր՝ հանրակրթության մեջ, մասսայական լրատվամիջոցներում, քաղաքաշինության և ճարտարապետության մեջ, արդարադատության համակարգում և առհասարակ երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների համատեքստում։
Ավաղ, մշակույթի բախտը համառորեն չի բերում… Տարիներ շարունակ չմտնելով բյուջետային առաջնահերթությունների մեջ, կրելով թերֆինանսավորման կնիքը` այն այնուամենայնիվ նվիրյալների ջանքերով արդյունքներ է ապահովել, հաճախ՝ արժանապատիվ ներկայություն։ Այս դժվար ժամանակներում մենք կարողացել ենք միջազգային հարթակներում ներկայանալ մեր մշակութային կերպով (թերևս մեր միակ մրցունակ բրենդով): Չեմ դադարում արձանագրել՝ մշակույթի հատկապես քաղաքական ընկալումն ու իմաստավորումը մեզանում այդպես էլ չի աշխատում, իսկ մշակութային քաղաքականությունը նախևառաջ ընկալվում է սոսկ որպես գործառույթների ինստիտուցիոն հենքի ապահովում։ 
Ավաղ, երկրի քաղաքական էլիտան այս պահին այլ առաջնահերթությունների շրջագծում է, իսկ գիտամշակութային, հոգևոր կամ ինտելեկտուալ էլիտան առավել քան մեկուսացած է, հասարակության հետ նրա երկխոության մակարդակը ցածր է, եթե ոչ՝ զրոյական։

Արդյունքում՝ մեր ազգային գաղափարական դիսկուրսից բացակայում են ստեղծարար օրակարգերը և դրանցից բխող այնպիսի ծրագրային գործողություններ, որոնք կհաղթահարեն երկրի մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեին մրցունակ ապագային։
Ի՞նչ անել․
• մշակույթի դերի համակողմանի գիտակցումը և իմաստավորումը դարձնել հանրային գիտակցության անբաժանելի մաս,
• վերակազմակերպել մշակույթի բյուջետային ֆինանսավորումը՝ այն հասցնելով նվազագույնը 3%-ի,
• պրոֆեսիոնալ և մոտիվացված կադրերով բարձրացնել ոլորտի կառավարման արդյունավետությունը, ամրագրել գործուն վերահսկողական մեխանիզմներ,
• ապահովել օրենսդրական երաշխիքներ և ընթացակարգեր ինստիտուցիոնալ կառույցների գործունեության, մշակույթի ապակենտրոնացման, տարածքային համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովման համար․
• ի վերջո, մշակութային կապիտալի հաշվարկով մշակել Հայաստան 2023 հեռանկարային ծրագիր, որը կծառայի Հայաստանի արտաքին բրենդի ապասարկմանը, կդառնա քաղաքակրթական, մրցակցային արժեք, մյուս կողմից կապահովի հայ ինքնության սպասարկմանը՝ ի հակադրություն բարոյական նահանջների և պարտությունների։

Պարոնայք, սիրելիներ, մշակույթում մեծ պրագմատիզմ կա, այն մրցունակ երկրի նախապայմանն է, ոչ միայն սոցիալական խնդիրներ է լուծում, այլև ձևավորում ինքնություն ու պետականություն գիտակցող քաղաքացի։