Ընկերներ ջան
Երեկ ինֆորմացիոն ֆոնը հագեցած էր, և ցանկություն կա անդրադառնալ մի քանի խնդիրների, բայց կանգ առնեմ մեկի վրա, որտեղ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով՝ Նախիջևանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալու մասին։
Երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը հայտարարերեց, որ դիրքային բոլոր տեղաշարժերի 95% տեղի է ունեցալ փետրվար-մարտ ամիսներին (այսինքն իրենից առաջ) և տեղաշարժերը կրել են երկուստեք բնույթ, և մենք էլ որևէ տարածքային կորուստ չենք ունեցել։ Սա իրականության կամայական մեկնաբանության արդյունք է, մի քանի կետերով։
ա) իրականությունը այն է, որ խնդրո առարկա Զանգակատուն-Արենի հատվածում, մինչև դիրքային տեղաշարժերը, հակառակորդի և մեր միջև միջդիրքային տարածությունը տարբեր հատվածներում կազմել է 3-4 կիլոմետր, հիմա կազմում է 1 կիլոմետրից պակաս, և առաջ է եկել հիմնականում հակառակորդը մեծ ճակատով, մենք 1-2 դիրք ենք միայն առաջ տարել, որոնք սկզբունքային պատկեր չեն փոխել։
բ) դիրքային տեղաշարժը սկսվել է փետրվար-մարտ ամիսներին, սակայն շարունակվել է հետագա ամիսներին, այս ընթացքում հակառակորդը ամրապնդվել է նոր դիրքերում, նոր ճանապարհային և պաշտպանական ենթակառուցվածքներ է ստեղծել, մեր որոշ (ոչ բոլոր) դիրքերի նկատմամբ գերիշխող դիրք է կարողացել ձևավորել։ Մինչև Դուշանբեի պայմանավորվածությունը, մեր բանակը ակտիվ հակազդել է հակառակորդին, որը զգալի կորուստներ է տվել, բայց դրանից հետո հակազդեցությունը թուլացել է, և հակառակորդը կարողացել է ամրապնդվել նոր բնագծում։
Գ) այս տեղաշարժի արդյունքում Զանգակատուն և Արենի գյուղերի հատվածում հակառակորդը կարողացել է ընդհուպ մոտենալ մեր հիմնական ռազմավարական ճանապարհին, և նաև այս երկու բնակավայրերի գյուղատնտեսական տարածքների մի մասին, որոնց մշակումը հիմա վտանգավոր է դարձել։ Զանգակատան դեպքում կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել փոխհատուցել կրած կորուստները, դա ևս մեկ անգամ վկայում է, որ դրանք իրական են։
Մենք նախկինում անդրադարձել ենք այս խնդրին, և ես այն նորից չէի բացի, եթե երկրի արդեն փաստացի ընտրված ղեկավարը չշարունակեր համառորեն խուսափել պատասխանատվությունից եղածի համար։ Սա ինձ արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում՝ փոխանակ ընդունելու խնդիրը, համարժեք պատասխանատվություն վերցնելու դրա համար, լուծումներ առաջարկելու (և նաև իրականացնելու), պարբերաբար փորձ է կատարվում խեղաթյուրել այդ խնդիրների էությունը, պատասխանատվությունը բարդել նախորդների վրա, և խուսափել որևէ գործողությունից։ Եթե նույնիսկ նախորդներն են մեղավոր կոնկրետ այս խնդրի համար, դա չի վերացնում ներկա իշխանության պատասխանատվությունը՝ լուծել այն, չէ որ այն եկել է իշխանության՝ նախորդների ստեղծած խնդիրները լուծելու գրանդիոզ խոստումով, բայց հիմա բախվելով դրանց, փորձում է պարբերաբալ խուսափել պատասխանատվությունից։
Ես համոզված եմ, որ մեր բանակը գիտի, թե ինչ է պետք անել, նախկինում նույն սահմանի հարավային հատվածում այն այդպիսի նախաձեռնող գործողություն իրականացրել է, և հիմա էլ կարող է հակառակորդին հետ շպրտել նրա ձեռք բերած ռազմավարական բնագծից։ Դա սակայն պահանջելու է խիզախ քաղաքական որոշում՝ ներկայիս խեղաթյուրումների և արդարացումների փոխարեն, և ես կուզենայի դեռ տեսնել այդպիսի վճռականություն՝ արտաքին ճակատում։
Հ․Գ․ Թերահավատների համար կցում եմ Արմեն Մինասյանի նախկինում արած տեսագրությունը, որը հստակ ներկայացնում է, թե Արենի մոտ դիրքային փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունեցել։