Հայկ Մարությանի քարոզարշավի մեխերից էին վերելակային հիմնախնդրի լուծումն ու տրանսպորտի կարգավորումը, ընդ որում՝ հատկապես այս երկու կետերը բազմաթիվ թերահավատ, իսկ երբեմն էլ՝ ծաղրական մեկնաբանությունների առիթ էին դարձել։ Դե, հիշում եք, որ հարցնում էին, թե ինչպես է պատրաստվում Մարությանը երկու անգամ ավելի մեծ վերելակներ տեղադրել ստանդարտ շախտայի մեջ, էն, որ թրաշամանուկներից ամենապանծալին՝ լեվելների բաժանիչ Վահան Կոստանյանն էլ հայտարարել էր, որ մի երկու հատ նման հաջող փորձ ունեն․․․

Ինչևէ, երեկ հայտնի դարձավ, որ Երևանի՝ 2019 թվականի բյուջեով ոչ միայն այս կետերով բեկումնային առաջընթաց նախատեսված չէ, այլ դեռ մի բան էլ պատրաստվում են շոշափելի կրճատումներ իրականացնել ֆինանսավորման հարցում։ Փոխարենը էլ ավելի շոշափելի բարձրանալու են գործուղումների ու պրեմիաների համար հատկացվելիք միջոցների ծավալները։

Այս ակնհայտ հակասության տակից տղերքը փորձում են դուրս գալ այն փաստարկով, թե բա՝ էն փիս Տարոնն ու հանրապետականներն անհրաժեշտից շատ էին ծախսում ու վատ էին անում, մենք անհրաժեշտի չափ ենք ծախսելու ու լավ ենք անելու։ Օքեյ, տղաներ ու աղջիկներ ջան, սկզբունքորեն չեմ կարող հերքել այդ հիպոթեզը, քանի դեռ հակառակն ապացուցող փաստեր չկան, բայց ուզում եմ մի շարք նյուանսների վրա սևեռեմ ձեր ուշադրությունը․

- Եթե եկող տարվա վերջում պարզվի, որ դուք, Տարոնից քիչ ծախսելով, Տարոնի չափ եք արել, դա կլինի ձախողում, որովհետև դուք խոստանում էիք ոչ թե այն, որ ձեր պանծալի իշխանությունն ու թիմային աշխատանքը կապահովեն, որ գոնե ավելի վատ չլինի, քան Տարոնի ժամանակ էր, այլ ավելին, շատ ավելին՝ դուք ասում էիք, որ կլինի լավ ու դեռ մի բան էլ՝ շատ լավ։

- Եթե պարզվի, որ երկու անգամ մեծ վերելակները չեն տեղավորվում երկու անգամ ավելի փոքր շախտաներում (ինչ-որ բան հուշում է, որ դա օբյեկտիվ է, որ չեն տեղավորվի), դա չի նշանակելու, որ երևանցիները ստիպված են սպասել մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, մինչև դուք հասկանաք, թե ինչպես եք շրջանցելու ֆիզիկայի օրենքները։ Հուսով եմ, որ 2019-ին անգամ կրճատված միջոցներով վերելակային հիմնախնդիրը կլուծվի, ու Երևանում այլևս չեն լինի վթարային ու չաշխատող վերելակներ, կլինեն շախտայի մեջ տեղավորվող ու նոր վերելակներ։

- Եթե տրանսպորտի հարցը չկարգավորվի, վերելակների հարցում բեկումնային փոփոխություն չլինի, ապա ստացվելու է, որ դուք անիմաստ փոշիացրիք տասնյակ միլիոնավոր դրամ գործուղումների ու պրեմիաների վրա, այնինչ կարող էիք դրանց հաշվին մի քանի տասնյակ վերելակ ավել փոխել, տարնսպորտի հարցն էլ ավելի դյուրինացնել։ Համենայն դեպս, 81 տոկոս քվե տվողների մեծ մասն այն հույսով չէր, որ դուք գալու եք ու մի բոլ ֆռֆռալու եք իրենց հարկերի շնորհիվ, հետո էլ դրա համար պրեմիաներ եք ստանալու։ Եվ դա՝ այն պարագայում, երբ դուք իրենց համար առավել ակտուալ խնդիրներին լուծում չտվեցիք։

Էս դեռ ընդամենը երկու կետի մասով էսքան գրվեց, բա որ սկսեմ մյուս հարցերից խոսել, ինչպիսիք են տենդերներն ու դրանց թափանցիկությունը (ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը), կադրային քաղաքականությունը, ապօրինի շինարարությունը և այլն․․․ Լրջացե՛ք ու գործ արեք, փողերն էլ քամուն մի՛ տվեք։

ՀԳ․ Զիբիլի հարցն էլ լուծեք։ Ոնց կանխազգում էի, էնքան մզմզացիք, մինչև ցրտեց, ու հոտի խնդիրը մեղմվեց, բայց էդ անտեր աղբահանության հարցն այդպես էլ չկարգավորվեց։ Վատ լուր ունեմ՝ Վեստերոսում չենք ապրում, Գիշերի արքա չկա, ձմեռն ու ցրտերն էլ տարիներ ու տասնամյակներ չեն տևելու, այլ մի քանի ամիս, այնպես որ, իրար եկեք։

Հարգանքով՝

սպասողական վիճակում գտնվող և հեղափոխական մուտիտներից հոգնած Երևանի քաղաքացի