Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա
Էժան ձեռք չի բերվում առյուծի մորթին: Այդ այսպես լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զավա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտություն չունենաս կարծելու, թե Երկրագնդի վրա կարելի է փառքի տեր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարությունը գրգռելու:
Զորավա՞ր ես յոթ վերք- չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա:
Մեր աշխարհի լրբություններից մեկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրույթով. «Թող զինվորն իր ստացած վերքերը եւ հովիվը՝ իր ոչխարները համրի»:
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը՝ մութ անկյունից քար նետել հերոսին:
Նախանձը- մասնավորապես հայկականը-ընտրում է ճամփաներից ամենակարճը, եւ թույլատրելի համարում թշմամանքի բոլոր զենքերը:
Նա, որին դեռ երեկ էր, ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում՝վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:
Նա, որ երեկ խորապես կցավեր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիւվ դափնեվարդը, որ արժանի լիներ հաղթական ճակատիդ զարդարել՝վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմանա, եթե իրենց կյանքը սրիդ պարտողները ասպես վարվեն քեզ հետ, եւ մի՛ զարմանա, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ՛,այլ՝ մարդ:
Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», 1940թ, 25 դեկտ., թիւ 1