Լիովին հասկանալի և ներելի է, երբ դպրոցականն է շարունակում պնդել իր սխալը՝ մեծամտորեն անտեսելով իրեն ուղղված խորհուրդները։ Նույնիսկ Քրիստոնեական հայտնի գործիչներ ժամանակին կարծում էին, որ որոշ առումով ներելի են այն սխալները, որոնք մարդիկ կատարում են մինչև երեսուն տարեկանը, բայց երբ արդեն հասուն տարիքի քաղաքացին է դրսևորվում դպրոցականին հարիր ծանծաղամտությամբ և ինքնահավանությամբ և աններելիորեն պաշտպանում է կառավարության նույնիսկ սխալ քայլերը, ապա դա կարող է հանգեցնել աղետի, քանզի անպատժելիությունն ու ամենաթողությունը պետական գործչի վատագույն սադրիչներն են։ Պետք է սևին սև ասել, եթե դա նույնիսկ վերաբերում է պաշտելի քաղաքական գործչի գործունեությանը, և դա ամենևին նվաստացուցիչ չէ, իհարկե, եթե մենք գործ ունենք շրջահայաց ու պատասխանատու պետական գործիչների հետ։ Հակառակ դեպքում, մնում է միայն ապավինել բախտին, բայց պատմությունը միանշանակ ցույց է տվել, թե ինչ արհավիրքների առաջ կարող է կանգնեցնել ամբողջ ժողովրդին անտարբերությունն ու ամեն ինչին մատների արանքով նայելու ոչ թե վնասակար, այլ ողբերգական սովորությունը։