«Արմեն Գեւորգյանը 2008-14 թթ. տարածքային կառավարման նախարարն էր, 6 տարի: Մինչեւ նրա նախարար նշանակվելը տարածքային կառավարման նախարարությունն անպորտֆել նախարարություն էր, համայնքները քայքայված, առանց բյուջեի, պարտքերի տակ կքած, դրամական հաշիվները կալանքի տակ… Նրա ղեկավարման 6 տարիներին հսկայական բարեփոխումներ իրականացվեցին այս ոլորտում, այն բոլոր դրականը, ինչ կա այսօր տարածքային եւ տեղական կառավարման համակարգում: Նախարարի պաշտոնից նա ազատվեց սեփական դիմումով, նախարարության աշխատակիցներն արցունքներն աչքներին էին հրաժեշտ տվել Ա. Գեւորգյանին:
Իմ աշխատանքը համայնքների հետ է եւ հաճախակի եմ համայնքապետերի հետ ոլորտում առկա խնդիրները քննարկում: Բոլորը երանությամբ են հիշում Արմեն Գեւորգյանի կառավարման ժամանակաշրջանը, որովհետեւ նրանից հետո 3 նախարար է փոխվել, բայց ոչինչ չի ավելացել նրա թողածին: Վերջերս ջրային համակարգի ղեկավարներից մեկը, որն այդ համակարգում աշխատում է խորհրդային տարիներից, զրույցի ժամանակ ասաց, որ բազմաթիվ ղեկավարներ է ունեցել, բայց Արմեն Գեւորգյանը միակն էր, որ իրենց հետ աշխատել է առանց ենթատեքստի (ատկատների), եւ հնարավոր ամեն բան արել է համակարգը կայացնելու համար:
Սա, կարծում եմ, նրա աշխատանքի լավագույն գնահատականն է, եւ արժե, որ նրան դատապարտողները նաեւ սա իմանան»: