ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած վիճաբանությանը:
«Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018թ. ժամը 12:55-ին թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Գ.-ն /ծնվ. 2005թ./՝ ձախից կրծքավանդակի սալջարդ որովայնի բութ տրավմա ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով:
Նույն օրը ժամը 22:30-ին «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք արյունահոսություն վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 10.12.2018թ-ին, ժամը 10:30-ի սահմաններում, թիվ 48 դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ընթացքում անչափահաս Պ.-ն ոտքով հարվածել է անչափահաս Գ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է վնասվածք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,-գրել է նա: