Նրանք հայ են և նրանք մեծ հաջողությունների են հասել իրենց աշխատանքում հայրենիքից դուրս. սա BlogNews.am-ի #MadeinArmenia նախագծի հերոսների մասին է: Մեր երկրորդ հերոսին գտանք Մոսկվայում. պարզվում է՝ Անդրանիկ Ստեփանյանը միակ ոճաբան-բարբերմենն է, ում ռեփեր Տիմատին վստահում է իր արտաքին տեսքը: Անդրանիկն աշխատում է 13 by Black Star-ում, և նրա հաճախորդների ցանկում են L’One-ը, Եգոր Կրիդը, Մոտը, Մաքսիմ Գալկինը և ռուսական շոու բիզնեսի շատ արտիստներ: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Երևանից Ամստերդամ, հետո Մոսկվա տեղափոխված Անդրանիկը դարձավ ամենապահանջված ոճաբան-բարբերմեններից մեկը:
Ինչպե՞ս և ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։
Երբ մայրս մազերս կտրում էր մեր տանը, այդ ընթացքը շատ էր հետաքրքրում ինձ: Հետո ես սկսեցի կտրել ընկերներիս մազերը՝ ավելի հմտանալով այս մասնագիտության մեջ: 2002 թվականին ընտանիքս որոշեց, որ մենք պետք է տեղափոխվենք Ամստերդամ։ Այն ժամանակ ես դեռ դպրոցական էի: Ամստերդամում վարսահարդարման դպրոցում եմ սովորել, ավարտելուց հետո ես սկսեցի ավելի լուրջ զբաղվել իմ երազած գործով:
Մոսկվա տեղափոխվելու որոշումն ո՞ւմն էր։
Մոսկվա ինձ բերեց իմ կյանքի միակ սերը, ով հետո դարձավ իմ կինը և պարգևեց ինձ երեք հրաշալի երեխա: Սկզբում Մոսկվայում անսովոր էր, քանի որ երկար ժամանակ ապրել էի Եվրոպայում: Բայց երբեք դժվարություններ չեմ ունեցել, քանի որ տեղափոխվելիս ես արդեն բավական ճանաչում ունեի, իմ հաճախորդների ցանկում էին համաշխարհային աստղեր, մարզիկներ, երաժիշտներ, DJ-ներ, հետևաբար բարդություններ չեմ ունեցել:
Արդեն երեք տարի է՝ աշխատում եք 13 by Black Star բարբերշոփում և ինչպես նշել եք ձեր հարցազրույցներից մեկում, մինչ աշխատանքի անցնելն արդեն ծանոթ էիք Տիմատիի հետ: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք աշխատել Մոսկվայի ամենահեղինակավոր բարբերշոփերից մեկում:
Մինչ Մոսկվա տեղափոխվելը ես պատիվ եմ ունեցել ծանոթանալու Տիմատիի հետ, ում արտաքին տեսքով ես էի զբաղվում: Մեր ծանոթությունից տարիներ հետո առաջացավ 13 by Black Star-ը բացելու գաղափարը, և այդ ժամանակ Տիմատին ինձ առաջարկեց համագործակցել Black Star-ի հետ, ու ես համաձայնվեցի: Ինչ վերաբերում է Տիմատիին, կարող եմ միայն մեկ բան ասել՝ նա հիանալի մարդ է:
Ռեփերը միայն ձե՞զ է վստահում իր արտաքին տեսքը։
Այո՛, և դա ինձ համար մեծ պատիվ է: Տիմատիի հետ առաջին հերթին մենք լավ ընկերներ ենք, հարգում ենք իրար, և, իհարկե, կա վստահություն իմ աշխատանքի հանդեպ:
Ձեր հաճախորդների ցուցակում են նաև Black Star-ի արտիստները՝ L’One-ը, Մոտը, Եգոր Կրիդը, ինչպես նաև հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինը և ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքեր: Արտիստներին առանձնահատուկ մոտեցո՞ւմ եք ցույց տալիս։
Իմ յուրաքանչյուր հաճախորդ անհատականություն է ինչպես իր անձի, այնպես էլ իր գործունեության մեջ, հետևաբար, յուրաքանչյուրի հետ առանձնահատուկ եմ աշխատում: Կարևորը նրանց վստահությունն է իմ աշխատանքի հանդեպ: Երբ, օրինակ, Մաքսիմ Գալկինն է գալիս, մենք շատ ենք շփվում, նա անընդհատ տարբեր կատակներ է անում. շատ լավ հումորիստ է: Ես բոլոր հաճախորդների հետ նորմալ շփվում եմ, որևէ տարբերություն չեմ դնում, սակայն պարզ է, չէ՞, որ հատկապես արտիստների դեպքում պետք է ամեն ինչ իդեալական լինի:
Հաճախ հաճախորդները խնդրում են ստանալ Տիմատիի կամ Եգոր Կրիդի սանրվածքից:
13 By Black Star-ում աշխատանքը ձեզ ավելի պահանջված և հայտնի դարձրե՞ց։
Ինչ-որ չափով՝ այո:
Իսկ Black Star-ի տղաների տեսահոլովակում կերպարների ստեղծման վրա նույնպե՞ս աշխատում եք:
Այո, իհարկե:
Ձեզ համարում են Մոսկվայի ամենապահանջված ոճաբան-բարբերմեններից։ Այս կարգավիճակին հասնելու համար ի՞նչ պահանջվեց։
Ոճն առանձնահատկություն է, և հենց այդ յուրօրինակ առանձնահատկությունը ստեղծելն իմ աշխատանքն է: Հենց այս մտքով եմ ես սկսել իմ գործունեությունը և հենց այդ մտքով էլ քայլում եմ առաջ:
Հետևո՞ւմ եք արդյոք հայկական շոու բիզնեսին, ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել և ո՞ւմ ոճը կցանկանայիք փոխել:
Այո, իհարկե հետևում եմ: Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին եմ հավանում։ Իհարկե, շատ բաների վրա կարելի է աշխատել, բայց ցանկության դեպքում նրանք իրենք ինձ կգտնեն:
Այս տարիների ընթացքում հայրենիք վերադառնալու ցանկություն չի՞ եղել արդյոք: Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում։
Ես, ինչպես իսկական հայրենասեր, սիրում և հարգում եմ իմ հայրենիքի բոլոր ավանդույթները: Իհարկե, իմ ուզածի չափ հաճախ չեմ լինում հայրենիքում, բայց մոտակա ժամանակներս պլանավորում եմ այցելել: Երևան տեղափոխվելու միտքն ինձ երբեք չի լքել, բայց աշխատանքի, զբաղվածության պատճառով չի ստացվում: Իսկ ապագայի մասին խոսել չեմ կարող։ Ինչպես կստացվի:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի