Նոյեմբերի 30-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում։ Ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում, 33-ամյա Արտակ Դավթյանը ապտակել է դաշինքի համակիր Գ. Բաբայանին։
Արարատի մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում դեպքի կապակցությամբ գրել է․
«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:
Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ՝ ազատվել է աշխատանքից:
Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:
Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը»: