«Ազատության» հեռուստաբանավեճի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հանրապետականը կուսակցություն չէ, «բանդա է», որ հանրապետական կուսակցության առաջնորդները հանցագործներ են:
Շատերն են համակարծիք Միրզոյանի հետ և դժվար է դա վիճարկելը: Բայց այդ պարագայում ինչու՞ գործադիրը թույլ տվեց, որ իր բնորոշմամբ «հանցագործ բանդան» մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչու՞ թույլ տվեց, որ արդեն հենց միայն մասնակցության հանգամանքով այդ նույն խմբավորումը լեգիտիմանա, խոսելու հրապարակ ստանա և նոր դեմքերով սկսի առավել գրագետ պայքար վարել ընդդեմ հենց իրեն՝ իշխանության, որ ներկայացնում է ժողովրդին:
Իշխանության կողմում ոմանք դա բացատրում են ժողովրդավարությամբ: Այդ պարագայում քչերն են հասկանում թե ինչ է ժողովրդավարությունը: Եվ առավել քչերը՝ թե ինչ է հեղափոխությունը: Եթե մի խմբավորում «բանդա» է, ընդ որում՝ արդեն կայացած «հանցագործների բանդա»՝ ապա անհրաժեշտ է կա՛մ դրա պարագլուխներին բանտերում տեղավորել, կա՛մ էլ բանդան ճանաչել որպես օրենքից դուրս մի կազմակերպություն: Փոխարենը թույլ է տրվել մասնակցել ընտրություններին և հայցել քաղաքացիների քվեն: Հիմա բանդա՞ է դա թե՞ այնուամենայնիվ բանդա չէ: Ավելորդ է նշելը, որ հեռուստաբանավեճից հետո կարկառուն հանրապետականները հայտարարել են Միրզոյանին հենց այդ բառերի համար դատի տալու մասին:
Ցուցաբերված մեղմ և սխալ, իբրև թե ժողովրդավարական մոտեցման, բայց իրականում անթույլատրելի այդ բացթողման համար մեր իշխանությունն այլևս, ցավոք, սկսելու է բարձր գին վճարել: Եվ բնական է, որ ինչ-որ պահի, այսպիսի չմաքրված և դարձյալ ապականվող քաղաքական դաշտում նոր, աննորմալ և անտեղի խնդիրներ են առաջանալու, իսկ հեղափոխության կարևոր արդյունքները կարող են և վտանգվել: Ու քանի դեռ ասֆալտին փռվում են և պատերին ծեփվում են միայն պատկերավոր խոսքի հարթությունում՝ իրականությունը կարող է այլ արդյունքեր մեզ մատուցել:
Հուսանք, որ ընտրություններից հետո գործադիրի սպառնալիքները օրենքի շրջանակներում իրավական միս և արյուն կստանան և վերջապես կմաքրվի այն աղբանոցը, որի տեղում այգի պետք է հիմնվի: