Բանավեճային մշակույթի վերաբերյալ Դիտարկում

Քարոզչական թեզերը և վարքը, որ դրսևորվում է մեդիաներով ցինիզմի, վիրավորականի ձգտող սարկաստիկ ձևակերպումներով, բացահայտ վիրավորանքով, ագրեսիվ տեքստերով իհարկե կարող է ժողովրդական մի որոշակի զանգվածին ականջահաճո է, սակայն մի այլ, շատ ավելի կայուն, հասուն ու գիտակից շրջանակների մոտ առաջ է բերում ոչ թե դրական, այլ լիովին հակառակ զգացողություններ՝ ոչ հօգուտ դրա հեղինակի։

Անկախ նրանից, թե նման տեքստի թիրախ հանդիսացող ուժի նկատմամբ քաղաքացին ինչ չափի քննադատական և վատ վերաբերմունք ունի, նման որակի ձևակերպումները երբեմն քաղաքացիների մոտ մոտ հավասարեցնում են հեղինակին և օպոնենտին։

Արդյունքում քվե և լեգիտիմություն եք կորցնում։ Քվեն կարող եք ինչ֊որ ձև հետ բերել ժողովրդից. լեգիտիմությունը քաղաքացուց հետ չեք բերի։ Լեգիտիմության կորուստը ինչ֊որ կետից հետո ծնում է նոր ընդդիմություն արդեն սեփական աջակիցների կազմից։

Անկախ նրանից ժողովուրդը նախկիններին որքան վատ է վերաբերվում, կամ նրանց վարքը որքան նեգատիվ է ընկալում, քարոզարշավում պետք է լայնախոհ վարք դրսևորել, դիսկուրսը չկենցաղայնացնել։
Ընդդիմությանը դա հետո չեն հիշեցնելու. մինչդեռ իշխանությանը դա մի՛շտ երեսով են տալու։

Պետք է քննադատության ու դիսկուրսի բարձր նշաձող սահմանել. դա նաև ապագա իշխանության լեգիտիմության ապահովման կարևոր գործիքներից մեկն է. սա պետք էր անել արդեն երեկ։