Ադրբեջանը պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ, որ իրենց շրաջանում «յալլի» անունով հայտնի հայկական քոչարի պարը տեղ գտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվիթերյան պաշտոնական էջից։ Հետաքրքիր է, որ գրառման մեջ պարի անվանման կողքի փակագծերում նշված է «Քոչարի, թեմզերե»:
Սակայն դեռևս անցյալ տարի` 2017 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում, Քոչարին Հայաստանի հայտով գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում: Սա հայ հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանն ինչ մշակութային արժեք ներկայացնում է, հաջորդ տարի Ադրբեջանը սկսում է վիճարկել. «Դա նրանց մոտ մարտավարություն է: Նրանք կարող են վիճարկել, որ դա տարածաշրջանային պար է: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հիմարությունները չանցնեն: Այդպես նրանք հայկական լավաշն էլ վիճարկեցին, դարձրին տարածաշրջանային, որը գրանցված էր որպես հայկական հացատեսակ»,- ասաց Խառատյանը:
Չնայած՝ Հայաստանն ունի բոլոր փաստերը, սակայն ազգարագետի կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշառված մարմին է. «Այդ կառույցը փողով է աշխատում, և Ալիևների ներդրումն այստեղ շատ մեծ է: Ես դեռ 2 տարի առաջ հայտարարել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս ծրագրին Հայաստանը չպետք է մասնակցի` բարձրաձայն հայտարարելով, որ դա շատ շահախնդիր և կաշառված մարմին է: Ի՞նչ գործ ունենք մենք այդ կաշառված կառույցի հետ»,- նշեց Խառատյանը և հավելեց, որ այս ուղղությամբ աշխատանք ունեն անելու պետական կառույցները, մասնավորապես՝ ԱԳՆ-ն պետք է դիվանագիտական խողովակներով կաշառքի խնդիրը և շահախնդրության խնդիրը քննարկի, որ ՄԱԿ-ը իր կառույցի նմանատիպ խնդիրները դարձնի քննարկման նյութ, ինչպես նաև այս հարցը պետք է բարձրաձայնվի հասարակության լայն շերտերի կողմից.
«Պարզ է, որ Ադրբեջանը անընդհատ պետք է այսպիսի բան անի: Հայկական արժեքները միշտ կներկայացնենք և խնդիր կունենանք դրանք վիճարկելու: Բայց այդ երբվանի՞ց է Ադրբեջանը էթնիկ մշակույթ ձևավորվել և երբվանի՞ց է Ադրբեջանը հավակնել էթնիկ մշակութային արժեքի: Նախիջևանի ողջ տարածքում թուրքացած նախկին հայ բնակչություն է: Նրանք շարունակում են պարել հայկական պարեր, բայց նրանք մինչև 19-րդ դարի վերջը հայեր էին, և հայկական պարեր էին պարում: Հարյուրավոր տարիներ քոչարին մերն է եղել, նույնիսկ գերեզմանաքարերի վրա քոչարի պարն է պատկերված»
Այնուամենայնիվ, ազգագրագետը նաև հավելեց, որ վիճարկելու դեպքում Հայաստանն ունի բոլոր ապացույցները. «Ապացուցողական կողմի խնդիր մենք չունենք, բայց ունենք արդար դատարանի խնդիր»: