Տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի կարևոր ծրագրային դրույթի մասին էլ խոսեմ։

Հիշում եք չէ՞, որ երբ, օրինակ, 2017 թվականին արձանագրվեց բավականին բարձր՝ 7.5% տնտեսական աճ, շատերը հարցնում էին՝ իսկ ինչո՞ւ բնակչությունն այդ աճը չի զգում, ինչո՞ւ գործազրկությունը համարժեք չափով չի նվազում, ինչո՞ւ աղքատությունը չի նվազում և այլն։

Ու այս հարցը միշտ հնչել է, երբ խոսվել է լավ ցուցանիշների մասին։

Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև մենք միշտ ֆիքսվել ենք տնտեսական աճի ցուցանիշի, ոչ թե զարգացման վրա։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Հնարավոր է տնտեսական աճի տպավորիչ աճի ցուցանիշ ունենալ (ասենք՝ բուքմեյքերական ոլորտի կամ հանքարդյունաբերության հաշվին), սակայն դրանից տնտեսությունը ոչինչ չշահի։

Վերջին տարիներին սկսեցին խոսել ներառական աճի մասին՝ այնպիսի աճի մասին, որին մասնակցություն կունենային հնարավորինս շատ թվով մարդիկ և հետևաբար՝ կզգային դրա ազդեցությունը։ Այսինքն, ներառական տնտեսական աճը, կարելի է ասել, հենց զարգացումն է։

Ներկայիս կառավարությունն էլ է խոսում ներառական աճի մասին։ Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ աճը իրականում ներառակա՞ն է,թե՞ ոչ։ Ինչպե՞ս հասկանալ՝ դա ընդամենը ՀՆԱ-ի մեխանիկական ա՞ճ է, թե՞ զարգացում։
Այդ մասով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կարող եք կարդալ հետևյալը

ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԻՆԴԵՔՍԸ։

Այսինքն, մշակվելու է ստանդարտացված նոր ցուցանիշ, որը կհաշվարկվի ոչ միայն ՀՆԱ-ի աճի, այլ նաև աղքատության մակարդակի, գործազրկության, եկամուտների բևեռացվածության և այլ ցուցանիշների հիման վրա։

Այն թույլ կտա իրոք հասկանալ՝ Հայաստանի տնտեսությունը զարգանո՞ւմ է, թե՞ պարզապես ՀՆԱ-ի ցուցանիշն է աճում։

Տնտեսական աճը այլևս չի լինելու ինքնանպատակ, և ներդրվելիք ցուցանիշը թույլ կտա գնահատել՝ որքանո՞վ է կառավարությունը հաջողվել ՀՀ տնտեսության զարգացման հարցում»։