Նոյեմբերի 26-ից քարոզարշավը պաշտոնապես սկսվեց, սակայն պետք է արձանագրել, որ այն արդեն երկու շաբաթ էլ ընթանում է: Այս ժամանակահատվածում մի բան եմ արձանագրել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մրցակիցները հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են կամ այդ կուսակցության կողմից իշխանության մեջ նշանակված անձինք: Հեռու չեմ գնա: Կբերեմ ընդամենը երկու օրինակ:
Մի քանի օր առաջ ՀՀ ՊԵԿ նախագահ Անանյանի հայտարարությսունը՝ խոպանչիներին հարկելու մասին, մեծ սկանդալ առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև այն երկրների հայկական համայնքներում, որտեղ արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանի քաղաքացիները: Իսկ քարոզարշավի առաջին օրն էլ իր մտքի գոհարներով շողաց Սասուն Միքայելյանը, ով, պարզվում է, Թավշյա հեղափոխությունն ավելի է գնահատում, քան Արցախյան գոյամարտում մեր հաղթանակը:
Երկու դեպքում էլ իշխանությունների ներկայացուցիչների «տկար» փորձերը՝ մեղմել հասարակության զայրույթն այս հայտարարությունների վերաբերյալ, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քաղաքական թրծվածության առումով Փաշինյանի թիմը մեծ խնդիրներ ունի: Հենց այդ խնդիրներ ստեղծողներն էլ այս նախընտրական շրջանում ակամայից դառնում են Փաշինյանի գլխավոր մրցակիցները: Այսինքն՝ Փաշինյանը, բացի ընտրապայքարից, զբաղվելու է նաև սեփական թիմակիցների սխալների ուղղմամբ:
ՀԳ. ՔՊ-ի ընտրարշավին մասնակցող որոշ ներկայացուցիչներ և կառավարության որոշ անդամներ բացահայտ զբաղվում են ՔՊ-ի հակաքարոզով: