Ֆեյսբուքի օգտատեր Լյովա Մնացականյանը իր էջում գրել է․
«Արտերկրի քաղաքական ուժերի և քաղաքական միավորումների հետ կապերի ակտիվացմանն ուղղված ԲՀԿ գործունեությունը, տարիների ընթացքում թրծվելով, ի վերջո տվել է իր ցանկալի պտուղները: Եվ այսօր արդեն երկուստեք հրավերքների և հանդիպումների միջոցով կառուցողական և հեռանկարային փոխգործակցության լուրջ նախանշաններ են ի հայտ եկել:
Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանը, բարձր մակարդակով հյուրընկալել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, այնուհետև հանդիպումների շարք շարունակվել է և ԲՀԿ նախագահին հյուրընկալել է նաև «Եդինայա Ռոսսիա» խորհրդարանական ամենամեծ և իշխող խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը: Նման ֆորմատի հանդիպումներն առաջին անգամ չեն և ունեն շուրջ մեկ տասնամյակի պատմություն:
Քաղաքական այս երկու կայացած ուժերի համագործակցությունը, ինքնին ենթարդում է նաև ռազմավարական գործընկերներ հանդիսացող երկու պետությունների փոխհարաբերությունների խորացում, իսկ դա նշանակում է, որ արտաքին քաղաքական մարտահրավերին դիմակայելու և ինչու չէ նաև հակազդելու ԲՀԿ ջանքերը փառքով պսակվեցին: Երկու ուժերի ղեկավարները հանդիպման ընթացքում կարևորեցին նաև վերջերս տեղի ունեցած երիտասարդական համաժողովը, որը փորձի փոխանակման և սերտ կապեր ստեղծելու յուրօրինակ և շատ արդյունավետ միջոց է, ինչը հետագայում ևս կարտահայտվի նմանօրինակ համագործակցություններով:
Խոսելով ապագա խորհրդարանական ընտրությունների մասին, Նևերովը հույս հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունը հենք կհանդիսանա ապագա խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ունենալու համար:
Դա այս պարագայում նշանակում է, որ ԲՀԿ-ն ի դեմս «Եդինայա Ռոսսիա» խմբակցության, ունի լուրջ աջակից՝ ապագա խորհրդարանական ընտրություններում լուրջ ցուցանիշով խորհրդարան մտնելու համար, ինչը կասկած չկա անգամ, որ բխելու է երկրի շահերից, հաշվի առած հենց նմանատիպ լուրջ և բարձր մակարդակի գործընկեր ուժերի աջակցությունը՝ միջազգային ասպարեզներում Հայաստանը ներկայացնելու ժամանակ:
Կարծում ենք ԲՀԿ-ն ամբողջությամբ գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունը և շեշտը դրված չէ միայն ներքաղաքական դաշտում ազդեցիկության մակարդակի բարձրացման խնդրի վրա, այլ առաջնայնություն է տրվել նաև արտաքին խորը գործընկերային կապեր ստեղծելուն, ինչն հետագայում վստահաբար կարտահտվի մեր պետության դիրքերը միջազգային բարձր հարթկներում ամրապնդելու և ավելի շահավետ մակարդակի հասցենելու ուղղությամբ»: