Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր մի պահ հիշեցի, որ մեկուկես տարի առաջ, երբ նախապատրաստվում էինք 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին, Դավթաշենի մեր (ՀՀԿ թեկնածուի) շտաբում ասեղ գցելու տեղ չկար։ Հարյուրավոր մարդիկ էին գնում-գալիս, հետաքրքրվում, իրենց օգնությունը առաջարկում....Այսօր ես կրկին նույն տեղում եմ՝ Դավթաշենի ՀՀԿ գրասենյակում, Վիգեն Սարգսյանի նախընտրական շտաբի աշխատանքներով եմ զբաղված։ Եվ ինձ բռնեցի մտքի վրա, որ այն մարդիկ, ովքեր մեկուկես տարի առաջ պտտվում էին մեր կողքերը, այսօր խուսափում են անգամ մեր գրասենյակի կողքով անցնել։
Համոզված եմ, որ նրանցից շատերն այսօր պտտվում են ՔՊ գրասենյակների շուրջ, իրենց օգնությունն առաջարկում «Իմ քայլի» թեկնածուներին, շողոքորթում... Տհաճ է այս ամենը, ինչ խոսք։ Մանավանդ, երբ գիտես՝ իրականում ով ով է, ում համար ժամանակին ինչ ես արել... Տհաճ է, բայց ոչ անսպասելի։
Մեր իշխանության սխալներից մեկը հենց սա էր, որ նման մարդկանց 200 մետրից հեռու չէինք պահում։ Նույն սխալն այսօր անում է ներկայիս իշխանական ուժը։ Բայց դա, ինչ խոսք, իրենց գործն է։
Մեր թիմն այսօր փոքրաթիվ է, բայց ավելի ուժեղ, որովհետև պատեհապաշտներից ու շահամոլներից ազատվել ենք։ Մեզ հետ մնացել են սկզբունքային, նավը չլքող, պաշտոնի համար սեփական արժեքներին չդավաճանող մարդիկ։ Մեր «դուխը» տեղն է, տրամադրությունը՝ բարձր, ու այս անգամ էլ ընտրություններին գնում ենք որպես ընդդիմություն, ինչն ավելի հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր է, թե քանի՞ հոգի են մնալու այսօրվա իշխանական թեկնածուների կողքին, երբ նրանք էլ իշխանության չեն լինի։ Բայց դա էլ իրենց խնդիրն է։
Իմ խնդրանքը ու գործը իմ հարազատ դավթաշենցիների հետ է։ Ինչ եմ ուզում խնդրել. Դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, մի օր ձեր ժամանակից մի կես ժամ տրամադրեք և ինքներդ ձեզ համար փորձեք ամփոփել վերջին ամիսներին տեղի ունեցածը, սոցիալ-տնտեսական փոփոխությունները, քայլերը, հնչած հայտարարությունները, տարբեր մարդկանց, այդ թվում՝ ձեր ճանաչած մարդկանց վարքագիծը և այլն։ Մի պահ կտրվեք այլոց կարծիքներից, հոդվածներից, ելույթներից, և ինքներդ փորձեք վերլուծել ամեն ինչը։
Իսկ քվեախցիկում, երբ ձեզ կտան տարբեր ուժերի քվեաթերթիկները, մի պահ աչքի անցկացրեք բոլորի առաջին համարներին և ինքներդ ձեզ հարց տվեք՝ կա՞ արդյոք մեկը, ով ավելի պրոֆեսիոնալ է, ավելի քաղաքակիրթ, ավելի գիտակ, ավելի փորձառու ու Հայաստանի համար ավելի շատ բան արած մարդ, քան ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը։ Ճի՞շտ կլինի արդյոք, որ ԱԺ-ում լինեն մարդիկ, որոնք ոչ մի վաստակ չունեն՝ բացի Նիկոլ Փաշինյանի հետ քայլելուց ու փողոց փակելուց, և չլինի Վիգենի նման գործիչը՝ թեկուզ ընդդիմադիր կարգավիճակով։
Մի պահ այս ամենի մասին մտածեք, հետո ընտրեք նրան, ում ցանկանում եք։ Կարծում եմ, մեծ բան չեմ խնդրում։
Նաև խնդրում եմ՝ մեկնաբանություններ մի գրեք, որովհետև քննարկումների մեջ մտնելու ցանկություն չունեմ։ Համարեք, որ բարձրաձայն մտածում եմ, ու ոչ ոքի իմ կարծիքը չեմ պարտադրում»։