Վարչապետի պաշտոնակատարի մամլո ասուլիսը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայոց լեզվի բարբառային բառարանի յոթհատորյակից դուրս մնացած շատ հետաքրքիր միավորներ կան։

«Քյոհնա կոռուպցիոներներ» արտահայտության մեջ մեկ արևելագետներս հասկացանք «քյոհնա» բառի իմաստը, մեկ էլ մեր իջևանցիք ու ղարաբաղցիք։ Էն մնացածը պիտի բացեր Բարբառայինը, որ հասկանար իմաստը, բայց չկա էնտեղ։

«Քյոհնա» նշանակում է «հին», բնիկ իրանական բառ է (հմմտ ժամ. պրսկ. kohne, դաս. պրսկ. kuhna < միջ. պրսկ. kahvan < հին իրան. *kafvana- «[գործից] ընկած, ծեր»), բայց հայերենի բարբառներ, վստահաբար, անցել է ադրբեջաներենից կամ դրա արևմտյան բարբառներից, և Փաշինյանի բերանում բառի ստացած հնչյունական տեսքը դրա ապացույցն է. օ-ից առաջ ք-ն քմայնացած էր (հմմտ․ ադրբ. köhnə «հին», «փչացած», «չաշխատող»)։

Մեր արևելյան հարևաններն էս բառով մի հատ էլ լավ խոսք ունեն՝ խիստ արդիական նաև մեր օրերի համար՝ Köhnə hamam köhnə tas, որ բառացի նշանակում է «հին բաղնիքը, հին թասը», իսկ իմաստն այն է, որ ամեն ինչ նույնն է, ու ոչինչ չի փոխվել։