Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ եւ առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Նա, մասնավոփրապես, նշել է.«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, եւ՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին եւ շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական եւ աշխարհագրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում եւ ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները եւ հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը»:
Նա նաեւ նշել է, որ պահանջելու են «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Մատչելի բնակարան սպաներին», «1000plus.am» եւ բազմաթիվ այլ ծրագրերի շարունակականություն եւ արդյունավետ կառավարում: