Պաշտոնաթող գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը պատասխանել է իր հասցեին հնչած քննադատություններին։ Արթուր Աղաբեկյանը մինչ այս քննադատել էր Հայաստանի իշխանությունների որոշումը կործանիչ ինքնաթիռներ գնելու վերաբերյալ՝ համարելով, որ այդ ինքնաթիռներն անելիք չունեն տեղական ռազմական թատերաբեմում։
Աղաբեկյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ հայտնած տեսակետը ՀՀ ԶՈՒ կործանիչ ավիացիա ձեռք բերելու շուրջ դարձավ ոչ պրոֆեսիոնալ շրջանակների քննարկման նյութ։ Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր կամ ինտերնետից որոշ նյութեր էին պեղել, կամ էլ երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել: Երբ ես կարծիք էի հայտնում, համոզված էի, որ երբևիցե կամ այսօր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունք և գիտելիքներ ունեցող մարդիկ կամ կհամաձայնեն, կամ կհակադարձեն՝ բերելով հիմնավոր փաստարկներ:
Սիրելի հայրենակիցներ, սկսած 2000թ. ԶՈՒ թե՛ կիրառման, և թե՛ զարգացման շուրջ քննարկումներում, միշտ ունեցել եմ սեփական տեսակետ և միշտ չէ, որ այն համընկել է իմ կոլեգաների կամ ղեկավարների կարծիքի հետ: Ցավոք, միշտ չէ, որ հանրությունը տեղեկացված է եղել անցյալում ռազմավարական որոշումների կայացման ընթացքից, դրանց դրական կամ բացասական ազդեցությունից:
Արդի մարտահրավերներն այլևս չի կարելի թաքցնել սեփական ժողովրդից, մանավանդ, երբ ունենք ապրիլյան դառը ճշմարտությունը: Եկել է ժամանակը, սիրելի ստրատեգներ, որ ձեր կարծիքն աշխատասենյակում և աշխատասենյակից դուրս լինի անփոփոխ կամ գրեթե անփոփոխ»։