Սանկցիաների տակ գտնվողների «դաշինքը»
Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ Ստացվում է, որ ԱՄՆ կողմից «սանկցիաների տակ ընկած» երկրները միավորում են իրենց ուժերը՝ դիմակայելու ԱՄՆ «քմահաճություններին»։
Այսօր քաղաքական աշխարհը գտնվում է անորոշության և փոփոխությունների փուլում: Միացյալ Նահանգները դրսևորվում են որպես միակ գերտերություն, որը բոլոր պետություններին «թելադրում» է միաբևեռ աշխարհակարգ: Չնայած այս ամենին, որոշ երկրների դերը որոշակի տարածաշրջաններում և համաշխարհային քաղաքականությունում մեծանում է: Նման երկրներից են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Իրանը Մերձավոր Արևելքի հիմնական դերակատարներից է, որը ձգտում է ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը այդ տարածաշրջանում: Ռուսաստանը գործում է, ելնելով այն փաստից, որ Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցությունը կօգնի ամրապնդել իր դիրքերը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում, Մերձավոր և Միջին Արևելքում:
Եվ ստացվում է, որ մի կողմից, Իրանն ու Ռուսաստանը ձգտում են ինքնուրույն զարգացման: Նրանք ցանկանում են առաջատար դիրքեր զբաղեցնել իրենց տարածաշրջաններում և համաշխարհային տնտեսությունում, որտեղ էլ արտահայտվում է նրանց «նկրտումները» սեփական միաբևեռայնության հաստատման հարցում: Այնուամենայնիվ, մյուս կողմից, փոխադարձ տնտեսական և քաղաքական կապերը ընդլայնելու ու ԱՄՆ-ի կառուցած միաբևեռ աշխարհին հակադրվելու ցանկությունը, ցույց է տալիս, որ պետությունները ավելի շատ հակված են բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը: