ՀՀԿ խորհրդի երեկ տարածված հայտարարության նախագծի և Վիգեն Սարգսյանի հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ հանրապետականը հայտ է ներկայացնում զբաղեցնելու ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ:
Վիգեն Սարգսյանը բացահայտ հայտարարում է, որ ընդդիմության դաշտում մեկ հայտ կա, և դա ՀՀԿ-ի հայտն է, ուստի պետք է ընտրել կա՛մ պարոն Փաշինյանին, կա՛մ ՀՀԿ-ին:
Սա կոնկրետ ուղերձ է՝ քաղաքական այլ ուժերին մեկուսացնելու և նրանց դերակատարությունը ոչնչացնելու միտումով, այլ հարց է, թե ՀՀԿ-ի հավակնությունների հիմքում ինչ հաշվարկներ ու օբյեկտիվ հիմքեր են դրվել:


Գոնե ինձ համար ակնհայտ է, որ քաղաքական այսպիսի դասավորվածությունն ու նկրտումները չունեն որևէ հասարակական աջակցության թեկուզ նվազ աստիճան և չեն արտացոլում հասարակական իրական տրամադրությունները:


Ճիշտ հակառակը, քաղաքական ներկա իրողությունների պայմաններում, երբ Հայաստանում ձևավորվում է որակապես նոր իշխանություն, այդ իշխանությանը համարժեք պետք է ստեղծվի նաև բացառապես հասարակական տրամադրություններից բխող, հակակշռող, զսպող ու որակապես նոր ընդդիմություն, որի անունը օբյեկտիվորեն չի կարող լինել ՀՀԿ…