ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ Միաժամանակ լինելու եմ նաև ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը և վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին։
Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված և քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրություն ՝ դիմելու ձեզ և ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։ Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար»։