Երբ մի քանի ամիս առաջ մենք բղավում էինք, որ ադրբեջանցիները իրենց դիրքերը առաջ են տալիս, մեզ մեղադրում էին թե "տենց բան չկա և դրանք տեղեկատվական սադրանքներ են" : Այժմ ունենք մի խայտառակ իրավիճակ, երբ մեր բառադիության և ապուշ ինքնավստահության պատճառով ադրբեջանական բանակը փաստացի կարող է գնդակոծել միջպետական մայրուղիները և վտանգի տակ պահել բազմաթիվ հայաստանյան սահմանային գյուղեր։ Հիմա վիճակը գնալով էլ ավելի է վատանում ... Շատ լավ վերլուծության հանդիպեցի tert.am կայքում։ Հեղինակը` իմ ընկեր Հրանտ Մելիք-Շահնազարյան է։ Կարդացեք, շատ հետաքրքիր է:
....
Սա դիրքերի քարտեզի և իրավիճակի ամերիկյան տեսակետն է

https://www.bellingcat.com/…/azerbaijan-pushes-nakhicheva…/…
..... 
Ադրբեջանական կողմն ըստ էության խոստանում է չկրակել, նույնը պահանջում է նաև հայերից և տվյալ ժամանակն օգտագործում է նախիջևանյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու համար։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ադրբեջանական զորքերը ցուրտ ձմռան պատճառով ստիպված չլինեն լքել Նախիջևանում ապրիլ-մայիս ամիսներին առաջ բերված դիրքերը և հեռանալ իրենց նախկին ելման դիրքեր:

«Այն, որ Ադրբեջանի նախագահը հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերելիս չէր կարող առաջնորդվել մարդասիրական շարժառիթներով, փաստ է, որում համոզվել ենք տասնյակ տարիներ: Այսինքն՝ Ադրբեջանը հայկական պետությունների դեմ թշնամական քաղաքականություն է իրականացնում և իր ձեռքի տակ ունեցած բոլոր ռեսուրսները տրամադրում է՝ հնարավորինս թուլացնելու ու վնասելու հայ ժողովրդին, և այդ պայմանավորվածություններն էլ դրա շրջանակում են: Սա է այն խնդիրը, որ այս պահին լուծում են Ադրբեջանի իշխանությունները, և ոչ միայն Նախիջևանի սահմանում:

Ըստ քաղաքագետի տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ակտիվ ինժեներական աշխատանք է իրականացնում սահմանի ողջ երկայնքով: «Ադրբեջանական իշխանությունները, ըստ նրա, երբեք չեն էլ թաքցրել, որ իրենք պատրաստվում են պատերազմի, սա մի իրողություն է, որը կա, և կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պարտադիր պետք է հաշվի առնի դա՝ թույլ չտալու համար հակառակորդին բարելավել իր դիրքերը հնարավոր պատերազմից առաջ:

Հիշեցնենք, որ ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանցիները Նախիջևանում դիրքերն առաջ էին տվել: Հայկական կողմից պարզաբանում էին, որ առաջ գալով և որոշակի առավելություն ստանալով Նախիջևանում հայկական դիրքերից մեկի նկատմամբ` ադրբեջանցիները հայտնվել են մյուս դիրքերի ուղիղ նշանառության տակ և չեն կարողանում ամրացնել այդ դիրքերը: Ըստ հայկական կողմի՝ ՀՀ ԶՈւ-ն կրակով ճնշում է հակառակորդի ցանկացած տեսանելի շարժ, ընդհուպ մինչև զինուժի և շինարարական տեխնիկայի ոչնչացում, և հավատացնում էին, որ ցրտերն ընկնելուն պես, չունենալով կայուն մատակարարում, թշնամին ստիպված կլքի այդ դիրքերից գոնե մի քանիսը։

Ըստ որոշ հրապարակումների՝ այսօր արդեն ադրբեջանական կողմն օգտվելով ձեռք բերված «հրադադարի» պայմաններից՝ այդ դիրքերում ամրապնդվում է՝ տեղադրելով ռազմական ինֆրաստրուկտուրա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ՀՀ-ի նոր իշխանությունները ՀՀ արտաքին անվտանգությանը վերաբերող որևէ խնդրով, ըստ էության, մինչ օրս լուրջ չեն զբաղվել: «Որևէ քայլ չեն նախաձեռնել և ոտքի վրա պայմանավորվածությունների հույսով այդ հարցը թողել են բնականոն ընթացքին, և բնականաբար, չի կարող հայկական կողմի շահերից բխել, սա փաստ է։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունները կենտրոնացած են բացառապես ներքաղաքական զարգացումների և ներքին խնդիրների վրա, իսկ մնացած բոլոր ճակատներում մենք ամեն օր լուրջ կորուստներ ենք ունենում՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմավարական, և՛ հիմա արդեն տեսնում ենք, նաև ռազմական առումով, ինչը շատ մտահոգիչ է: Իսկապես, սթափվելու պահն է և հասկանալու, որ այսպես երկար շարունակվել չի կարող, սա կարող է շատ մեծ ողբերգություն դառնալ հայկական պետությունների և հայ ժողովրդի համար»,- ասաց նա:

Հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցին անդրադառնալով՝ քաղաքագետը նշեց, որ դա հայաստանյան նախին իշխանության օրակարգ բերված հարց էր: «Ցավոք, Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը հենց այդ մեխանիզմները այլ մեխանիզմով փոխարինելու լուծում էր, ըստ էության։ Այսինքն՝ Փաշինյանը գնաց ոչ թե Ադրբեջանին ստիպելու ճանապարհով, որ նա կատարի Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այլ նոր պայմանավորվածություն ձեռք բերեց, որն ըստ էության մեզ ավելի թույլ գործիքակազմ է տալու, քան Ադրբեջանի վրա վերահսկողություն սահմանելու համար գոյություն ուներ մինչ այդ: Կարծում եմ, որ ամեն դեպքում Երևանը ստիպված է և պետք է ժամանակ չկորցնի ու փորձի հետ վերադառնալ նախկին մշակված մեխանիզմներին, որոնք անգամ դիվանագիտական ճանապարհով անվտանգության որոշակի մակարդակ կարող են ապահովել: Բայց ցավոք դա դեռևս չի արվում, և ժամանակային կորուստը, որ ունենում ենք, թանկ ռեսուրս է, որը չի վերականգնվում, և խնդիրները քանի գնում՝ խորանում են»,- նշեց նա